Պուտինի երդմնակալությանը Փաշինյանի չներկայանալը ցուցադրական դեմարշ է. Դմիտրի Ռոդիոնով

Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը:

Փորձագետի խոսքով՝ Փաշինյանի՝ Պուտինի երդմնակալությանը չգալը անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի իշխանության նկատմամբ:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Փաշինյանի չներկայանալը ցուցադրական դեմարշ է Ռուսաստանի նկատմամբ։ Սա հենց ռուսական իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցանիշ է։ Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը Փաշինյանը, կարծես թե, պատրաստվում է գալ։ Եվ դա նույնպես արվում է ցուցադրաբար՝ ԵԱՏՄ մյուս պետությունների նկատմամբ որոշակի պարիտետ պահպանելու համար, որպեսզի ոչ թե բոլորին նեղացնի, այլ միայն Մոսկվային։ Բայց առավել ցինիկ է թվում մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելուց հրաժարվելը, քանի որ նման ժեստով նա անձամբ վիրավորում է Հայրենական Մեծ պատերազմի հիշատակը, հաղթանակը, որը ընդհանուր է նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար: Դա հատկապես ցինիկ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ դա տեղի է ունենում Արևմուտքի պահանջով», — ասել է Ռոդիոնովը։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա դա բացասաբար կանդրադառնա։

«Պետք է առաջնահերթություններ դնել և որոշել՝ կա՛մ Հայաստանն ինքնիշխան երկիր է, որն ինքն է որոշում՝ ուր գնալ, ինչ միջոցառումների մասնակցել, կա՛մ Հայաստանն Արևմուտքի վասալն է, որը սպասում է, թե երբ Արևմուտքը թույլտվություն կտա գնալ միջոցառմանը, ի դեպ, ամենամոտ դաշնակցի, ում հետ Հայաստանին կապում է ընդհանուր պատմությունը և բազմաթիվ ինտեգրացիոն նախագծեր: Այս ամենը շատ զզվելի է:

Հայաստանի և Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա դա բացասաբար կանդրադառնա։ Դա վերջին կաթիլը չի լինի, որը կբերի ինչ-որ աներևակայելի հետևանքների, բայց, այնուամենայնիվ, սա հերթական աղյուսն է մեր երկրների միջև, որը Արևմուտքը կառուցում է Փաշինյանի ձեռքով», — եզրափակել է Ռոդիոնովը։

Հիմա եթերում