Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են անցկացրել
18 Նոյեմբերի 2026, 09:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԹՍԽ) գագաթնաժողովի շրջանակում քննարկել են միջազգային իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։
Պուտինի խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի ընդհանուր նպատակն է ապահովել խաղաղություն և բարգավաճում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա նշել է, որ ռուս-չինական արտաքին քաղաքական համագործակցությունը կայուն է, իսկ երկու երկրները հանդես են գալիս ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին։
ՌԴ նախագահը նաև ընդգծել է երկկողմ տնտեսական հարաբերությունների կայունությունը՝ նշելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարի շարունակ զգալիորեն գերազանցում է 200 միլիարդ դոլարը, իսկ այս տարվա արդյունքներով ևս աճ կգրանցվի։
Իր հերթին Սի Ծինփինը ռուս-չինական համագործակցությունը հեռանկարային է համարել և հանդես եկել դրա խորացման օգտին։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները մնում են անսասան՝ անկախ դժվարություններից ու միջազգային իրադրության փոփոխություններից։
Չինաստանի նախագահը նաև աջակցություն է հայտնել բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ուղղված Պուտինի մոտեցմանը։
Բանակցություններն անցկացվել են «Ցիլին Շանժուան» պետական նստավայրում։ Սա Պուտինի և Սի Ծինփինի երրորդ անձնական հանդիպումն է ընթացիկ տարվա ընթացքում։