Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին, իսկ Մոսկվայի և Երևանի տարաձայնությունները պահպանվում են. Իգիթյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ կերպ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների կապակցությամբ, ինչը ուշագրավ հանգամանք է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանը:

«Հայկական կողմը շեշտադրել է վարչապետի ներկայացրած օրակարգը, մինչդեռ ռուսական կողմը՝ այն հարցերը, որոնք կարևորել է Մոսկվան։ Այս տարբերությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Երևանի և Մոսկվայի միջև ոչ միայն լարվածություն, այլև սկզբունքային տարաձայնություններ կան։ Դրանցից ամենակարևորը վերաբերում է Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականությանը»,- ասել է քաղաքագետը:

Իգիթյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, ինչպես նաև ընդունվել է համապատասխան օրենք։

«Եվրասիական տնտեսական միություն անդամ երկրների ղեկավարները հստակ հասկացրել են, որ Եվրամիությանն անդամակցելու ընտրությունը ենթադրում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ երկու տնտեսական միավորումներին միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ»,- նկատել է Իգիթյանը:

Կովկասագետի գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ-ի հստակ և կանխատեսելի դիրքորոշումն է։