Պուտինը պարգևատրել է հայազգի անվանի սրտաբան Բագրատ Ալեքյանին
13 Հուլիսի 2026, 21:15
Հայազգի հայտնի սրտանոթային վիրաբույժ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահը։
Փաստաթղթում նշվում է, որ Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխտնօրենն այդ պարգևին արժանացել է «առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող կարդիովիրաբույժ է։ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունի մեծահասակների և երեխաների մոտ սրտի բնածին արատների ներանոթային (էնդովասկուլյար) բուժման և վիրահատությունների ոլորտում։
Նա ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Կարդիովիրաբույժը 700-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 11 մենագրությունների և գրքերի հեղինակ է: