Պուտինը խնդիրներ է դրել և որոշել ՌԴ պատվիրակության բանակցային դիրքորոշումը. Պեսկով
15 Մայիսի 2025, 15:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիրներ է դրել և որոշել Ստամբուլում ՌԴ պատվիրակության բանակցային դիրքորոշումը՝ նախօրեին բոլոր պրոֆիլային զեկույցների քննարկման արդյունքներով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այսօր Թուրքիայում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին:
«Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել Ստամբուլում մեր պատվիրակությանը բանակցություններին նախապատրաստելու համար։ Այս հանդիպումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ նախքան պատվիրակության Թուրքիա մեկնելը։ Տեղի ունեցավ բոլոր զեկույցների մանրամասն համատեղ քննարկում։ Հաշվի առնելով խորհրդակցության բոլոր մասնակիցների զեկույցները՝ Ռուսաստանի նախագահն ամփոփել է արդյունքները, խնդիրներ է դրել և որոշել Ստամբուլում ռուսական պատվիրակության բանակցային դիրքորոշումը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Ստամբուլում բանակցությունների ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ռուսական պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է իր ուկրաինացի գործընկերներին, սակայն նրանք դեռ չկան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է մոտ ժամանակներս այցելել Թուրքիա, Պեսկովն ասել է. «Ո՛չ, նման ծրագրեր այս պահին չկան»:
Պեսկովը նաև հայտնել է, որ Ստամբուլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: «Հարցը դեռ առարկայական առումով չի համաձայնեցվել, չի բարձրացվել, դրա համար էլ մենք դեռ ասելիք չունենք»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: