2000-անոց տոմսը 100.000-ով. սև շուկան Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ. «Ուշադրությունից դուրս»
05 Սեպտեմբերի 2025, 19:30
«Հայաստան-Պորտուգալիա» հանդիպմանը մնացել է մեկ օր։ 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի համար նախատեսված խաղի տոմսերը շատ երկրպագուների համար այդպես էլ մնացին անհասանելի։ Ոմանք նույնիսկ ստիպված եղան 2000 դրամանոց տոմսը սև շուկայում վերավաճառողներից գնել 100 հազար և ավելի դրամով։
Խնդիրները սկսվեցին տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի օրը՝ օգոստոսի 14-ին, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերահսկողության տակ գործող օնլայն հարթակը վաճառքից ժամեր անց խափանվեց։ Այսինքն՝ հազարավոր երկրպագուների համար կայքը հասանելի չէր։ ՀՖՖ-ն կայքի խափանումը պատճառաբանում էր խաղի հանդեպ բացառիկ մեծ հետաքրքրությամբ։ Ըստ ՀՖՖ-ի ներկայացրած տվյալների՝ 400 հազարից ավելի այցելու փորձել է օնլայն հարթակից տոմս գնել, և այդ ծանրաբեռնվածությանը համակարգը տեխնիկապես չի դիմացել:
Ֆուտբոլասերներն ու փորձագետները, սակայն, տարօրինակ զուգադիպություն են նկատել։ Շատերը վկայում են, որ ՀՖՖ ենթակայությամբ գործող կայքի խափանումից հետո տոմսերի գները երկրորդական շուկայում կտրուկ բարձրացել են՝ հասնելով աստղաբաշխական գների։ Ավելին՝ դեռ մինչև Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքի մեկնարկը, TikTok-ում և այլ սոցիալական հարթակներում հայտնվել են հայտարարություններ, որտեղ 2000 դրամանոց տոմսը վաճառվում է 50-100 անգամ ավելի թանկ գնով։
Այս ամենին զուգահեռ՝ ՀՖՖ-ն նաև սահմանափակում էր մտցրել․ յուրաքանչյուրն օնլայն եղանակով կարող էր գնել միայն երկու տոմս։ Իսկ ի՞նչ անեին երկու և ավելի երեխա կամ ընտանիքի անդամ ունեցողները։
AlphaNews-ը սկսում է նոր հաղորդաշար։ Ամեն շաբաթ ձեզ ենք ներկայացնելու ուշադրության արժանի և ուշադրությունից դուրս գտնվող հանրային, տնտեսական, քաղաքական և այլ իրադարձություններ։
Այս շաբաթ «Հայաստան-Պորտուգալիա» տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրները, ու ՀՖՖ-ի հետ դրանց ուղղակի կապը քննարկել ենք փորձագիտական մակարդակով։