Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

2023 թ. Փաշինյանը քանի՞ անգամ է «բացել» Թուրքիայի հետ սահմանը

31 Հոկտեմբերի 2023, 23:00

Ելույթ ունենալով 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին անցակետերի բացման մասին պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն։ «Այս փուլում նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։
Կրկին օգտագործվել է «սահմանը երրորդ երկրի քաղաքացիների համար բացելու» մասին շատ ծանոթ ձևակերպումը։ Փաշինյանը հայաստանյան առաջին պաշտոնյան չէ, որը հույս է հայտնել «երկու պետությունների միջև սահմանի շուտափույթ բացման» վերաբերյալ։

1.Շնորհակալություն հայտնելով Թուրքիային ցուցաբերած աջակցության համար՝ Չավուշօղլուն նույնիսկ Հայաստանն անվանեց «եղբայրական երկիր», իսկ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ վերականգնել Անիի սահմանային կամուրջը։

Վերադառնալով Անկարայից՝ Միրզոյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ որոշում կա արագացնել Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացը։

2. Արդեն մարտին Արարատ Միրզոյանն ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար մինչև տուրիստական սեզոնի մեկնարկը (այսինքն՝ մինչև 2023 թվականի ամառը)։

3. Այս տարվա ապրիլին ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետի տեխնիկական հագեցման ուղղությամբ՝ նպատակ ունենալով գործարկել այն մինչև այս տարվա ամառ։

4. Հունիսի վերջին նույն Ռուբեն Ռուբինյանը հույս հայտնեց, որ «Թուրքիան կկատարի ցամաքային սահմանի բացման պայմանավորվածությունը»։
Իսկ հիմա մոտենում ենք աշնան վերջին, և արդեն Նիկոլ Փաշինյանն է հույս հայտնում, որ «պետությունների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները կիրագործվեն»։

2023 թվականի փետրվարից հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք վկայում էին այն մասին, որ պաշտոնական Անկարայի խորը նպատակները Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացում ոչ մի կերպ կապված չեն Հայաստանի հետ սահմանների բացման հետ։

Այս ընթացքում Անկարան լիովին աջակցեց Ադրբեջանին Արցախի շրջափակման հարցում, իսկ հետո լիակատար աջակցություն հայտնեց Ղարաբաղի հայերի դեմ Ալիևի ռեժիմի ռազմական ագրեսիայի և Արցախում իրականացված էթնիկ զտումների ժամանակ։ Թուրքիան դիմեց ՄԱԳԱՏԷ-ին՝ Հայկական ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով։

Թուրքիայի Ազգային ժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը հանդիպել է
այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր խոստումները, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանի հայտարարություններին զուգահեռ, հայտարարեց, որ «նրանք (ադրբեջանցիները — խմբ.) «կվերադառնան» Զենգեզուր»։

Հայաստանը, Արցախի անկումից հետո, ներկայացրեց նոր «տարածաշրջանային մեգա-նախագիծ»՝ «Խաղաղության խաչմերուկ», իսկ Փաշինյանը ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմելով «Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների դարավոր պատմության մասին», խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության համար Հայաստանի տարածքների շահագործման առավելությունների մասին։ Սակայն, ինչպես ճիշտ նկատել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, Նախիջեւանը բավականին հարմար է՝ որպես «առևտրային խաչմերուկ», մինչդեռ Հայաստանը կմնա «տարածաշրջանային փակուղում»։

Սրան գումարվում է նաև այն փաստը, որ հոկտեմբերի 26-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Զանգեզուրի հատվածը՝ որպես Հյուսիս-Հարավ ՄՏԿ ծրագրի մաս, ներկայումս չի դիտարկվում՝ ՀՀ-ի վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով նոր հաղորդակցությունների անցկացման հեռանկարից էլ պարզ կդառնա, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը», սպառնում է վերածվել լիարժեք փակուղու։

Ամփոփելով կարելի է ասել, որ Թուրքիայի հետ Փաշինյանի ցանկալի սահմանի բացումը և «Խաղաղության խաչմերուկի», նախագծի իրականացումը դեռևս անհասանելի նպատակներ են մնում։ Հիշեցնենք, որ հենց «Հայաստանի ապաշրջափակումն» էր հիմնական կարգախոսը, որով Փաշինյանը գնաց 2021 թվականի ընտրությունների։ Ընտրություններից անցել է 2,5 տարի, ընտրական խոստումը չի կատարվել, իսկ Թուրքիայից ու Ադրբեջանից նախապայմանները գնալով ավելանում են։