Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում
25 Ապրիլի 2024, 13:00
(Փաշինյանական ՀՀ-ը ո՞ր պահին ներողություն կխնդրի Ցեղասպանության «առասպելի» համար)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Անդրկովկասյան տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և նա (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) շատ լավ հասկանում է դա։ Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում ու ժամանակն է դեն նետել այդ անհիմն հիշողությունները։ Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հիմնվել հորինված պատմությունների վրա, որոնք կապ չունեն իրականության հետ»,- ապրիլի 23-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նույն Էրդողանը արդեն ապրիլի 24-ին հայտարարություն է տարածել, որում կոչ է արել «խելամիտ և առանց ատելության» զբաղվել 1915 թվականի իրադարձություններով։
«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես աղոթում եմ և Աստծո ողորմությունն եմ հայցում օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, որոնք զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների և ահաբեկչական գործողությունների պատճառով։
Կարևոր է, որ պատմության իրադարձություններին անդրադառնանք մտքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության լեզվին: Կարեկցանքի հաստատումն, առանց տարանջատելու մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։ Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից»,- ասել է Էրդողանը։
Ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Իր ուղերձում նա, ի թիվս այլոց, հայտարարել է, որ «հայ ժողովուրդը դարձել է աշխարհաքաղաքական ինտրիգների և դատարկ խոստումների զոհ»։
Այս ուղերձն ամբողջությամբ կրկնում է թուրքական թեզը, որ սա նպատակային ցեղասպանություն չէր, այլ ընդամենը ոստիկանական գործողություն՝ օտար ազդեցության տակ ապստամբած հայերին խաղաղեցնելու համար։
Այսպիսով, մեղքը հանցագործից տեղափոխվում է տուժողի վրա։ Թուրքերը մեղավոր չեն հայերին սպանելու համար, բայց հայերն են մեղավոր, որ սկսել են սպանել նրանց, քանի որ հավատացել են ինչ-որ խոստումների։
Փաշինյանի ուղերձում չի նշվում, որ հանցագործությունը քաղաքական արարք է և կատարվել է թուրքական պետության կողմից։
Միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն տերմինի փոխարեն Փաշինյանն ավելի շատ օգտագործեց «Մեծ եղեռն» տերմինը։ Ուղերձում ոչ մի հիշատակում չկար նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված որևէ պետական գործընթացի մասին։
Էրդողանի ու Փաշինյանի հաղորդագրությունների համաժամանակյա լինելը շատերի մոտ կարող է առաջացնել այն զգացողությունը, որ հայտարարությունների տեքստերը գրում է միևնույն մարդը։ Մենք հիմա չենք կարող դա ստուգել, բայց ակնհայտը չնկատելն էլ անհնար է․․․
Ավելի վաղ արդեն խոսել էինք այն մասին, որ ՀՀ իշխանության նախաձեռնությունն է ապրիլի 24- ին ընդառաջ բարձրացնել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անուններն արձանագրելու հարցը։ Սա պարզ նախաձեռնություն չէ, որն ավարտվելու է նրանով, որ, ինչպես նախորդ անգամ («Ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանում), Երևանն ու Անկարան համաձայնության կգան Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման շուրջ, այլ նախաձեռնություն, երբ վերջնական արդյունքը լինելու է այն, որ քննարկվելու է ժամանակակից հայկական պետության գոյության հիմքերի օրինականությունը, որն Անկարայի կարծիքով, ստեղծվել է անօրինական և ոչ լեգիտիմ, ստեղծվել է այն բանի արդյունքում, որ «տարածաշրջանից դուրս Ռուսաստանը»՝ միջամտի Անդրկովկասի իրողություններին՝ ինչպես 1828 թվականին, այնպես էլ 1920-ական թթ.:
Չզարմանաք, որ ինչ-որ պահի Փաշինյանն իր համախոհների ոճով հայտարարի՝ «եթե բացեք Օսմանյան կայսրության արխիվները, կպարզվի, որ ցեղասպանությունը կատարել են ռուսները», իսկ հայերը՝ իրենց պահվածքով գրգռեցին երիտթուրքերի կառավարությանը։
Այս գործընթացի արդյունքում փաշինյանական Հայաստանը ներողություն կխնդրի ցեղասպանության «առասպելի» համար: Եվս մեկ անգամ շեշտենք, որ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն:
Մտածե՛ք այդ մասին…»։