Ադրբեջանցիները մրջյունների նման թափվել ու ճնշում էին մեզ | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #33
05 Դեկտեմբերի 2023, 22:00
«Երեւանում քայլում եմ, աչքերս պինդ փակում ու մտածում, որ հենց աչքերս բացեմ՝ հայտնվելու եմ մեր տանը»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Էռնա Սողոմոնյանը:
23-ամյա Էռնան երազում է Արցախ վերադառնալու մասին: Հավատում է, որ մի օր նորից ապրելու է իր ծննդավայրում:
«Վստահ եմ, որ մենք ազատ, անկախ Արցախ ենք ունենալու: Ադրբեջանցիների հետ ապրելը բացառվում է, մենք ունեինք դրա հնարավորությունը, բայց բոլորս նախընտրեցինք դուրս գալ: Իրենց հետ ապրելը կնշանակեր ցեղասպանվել: Մենք Արցախից դուրս ենք եկել հետ գնալու ակնկալիքով: Մենք վերադառնալու ենք մեր պատմական հողերը»,- վստահ ասում է երիտասարդ աղջիկը:
Էռնան աշխատել է Արցախի Անվտանգության խորհրդում, իսկ հետո Կառավարությանը կից ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնում: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման ժամանակ, Էռնան աշխատանքի էր: Գործընկերների հետ պատսպարվել են, այդտեղ մնացել մինչեւ երեկո, հետո Էռնան գնացել է մոր հետեւից ու երկուսով տեղափոխվել են մոր ընկերուհու տուն:
«Մեր տունը Ստեփանակերտի սկզբնամասում է՝ Շուշիին մոտ: Վտանգավոր կլիներ այնտեղ գիշերելը: 24 ժամ, ամեն րոպե լսվում էր հրթիռակոծության ձայները: Քաղաքում քաոս էր տիրում: Ասկերանից մարդիկ տարհանվել էին, եկել Ստեփանակերտ ու հենց Կառավարության շենքում էին պատսպարվում, հետո արդեն մյուս շրջաններից տեղահանվեցին»,- պատմում է Էռնան:
Նրա խոսքով, երբ հայտարարվեց արցախցիներին հումանիտար միջանցք տրամադրելու մասին, Արցախից առաջինը դուրս եկան շրջաններից տեղահանված մարդիկ՝ վառելիք հայթայթելուց հետո: Խուճապի ու անորոշության պայմաններում Արցախից դուրս գալու որոշում կայացրին նաեւ Էռնան ու մայրը:
«Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ոնց ենք դուրս եկել: Երեւի բոլորս էլ մեր ուղեղներն անջատել էինք, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ ենք անում, հասկացել ենք միայն այն ժամանակ, երբ արդեն Հայաստանում էինք: Հրադադարից հետո լուրեր տարածվեցին, թե թուրքերը մտել են քաղաք, սարսափելի վիճակ էր մեզ մոտ: Ակամայից պատկերացրինք, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք քաջ գիտակցում էինք, որ մարդկային ռեսուրս ու զինտեխնիկա չունենք, որ դիմադրեինք, այդ մեկօրյա պատերազմին դիմադրելն էլ խիզախության դրսեւորում էր արցախցի տղամարդկանց կողմից: Հրադադարից հետո ես մի անգամ մորս հետ գնացի մեր տուն, վերցրեցինք առաջին անհրաժեշտության իրերն ու ամենաթանկը՝ մեր այգու նուռն ու պապիկիս նարդին, որն ինձ համար կարեւոր հուշ է»,- ասում է Էռնան:
Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին: Հաջորդ օրն են միայն լսել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի մասին: 34 ժամ տեւած բռնագաղթի ճանապարհը սարսափով է հիշում Էռնան.
«Մարդիկ կային, որոնց սիտրը չէր դիմացել Արցախը լքելու ցավին ու մահացել էին»:
Մինչեւ Հակարիի կամուրջ հասնելն ադրբեջանցիների հետ առնչվելու առիթ չի եղել, բայց արդեն կամրջի մոտ ստուգվել է նաեւ նրանց մեքենան:
«Իրենք լիքն էին, մրջյունների նման թափվել էին մեր վրա ու հոգեպես ճնշում էին, սառը հայացքով նայում էին, կամ էլ ծիծաղում, կարծես ասեին՝ դուք գնում եք, իսկ մենք՝ մնում»,- հիշում է Էռնան:
Էռնան այժմ մոր հետ ապրում է Երեւանում: Երիտասարդ աղջկա ընկերներն են հոգում տան վարձավճարի ծախսը: Նրանք դեռ աշխատանք չունեն: Էռնայի մայրը դերձակ է, բայց բոլոր գործիքները մնացել են Ստեփանակերտում:
«Հիմա առաջնային նպատակս մեզ աշխատանք գտնելն է: Առաջնորդվում եմ այս սկզբունքով՝ եթե ողջ եմ, ապա պարտավոր եմ ապրել, ունենալ երազանքներ, նպատակներ ու վերադառնալ Արցախ»,- ասում է Էռնան:
Մանրամասները՝ տեսանյութում: