Alpha News-ի պարսկերեն ալիքի երրորդ թողարկումն արդեն եթերում է
29 Ապրիլի 2026, 16:30
Alpha News-ը շարունակում է ընդլայնել իր միջազգային մեդիա ներկայությունը՝ գործարկելով պարսկերեն ալիքի երրորդ թողարկումը։ Նոր հարթակը շարունակում է պարսկալեզու լսարանին մատուցել օպերատիվ լրատվություն, խորքային վերլուծություններ և բացառիկ նյութեր՝ տարածաշրջանային կարևոր իրադարձությունների վերաբերյալ։
Երրորդ թողարկման ընթացքում քննարկվել է Երևանում նախատեսվող ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև ներկայացվել է, թե քանի կուսակցություն և դաշինք է մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի 2026թ. ընտրություններին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում՝ Եվրամիության կողմից երկամյա քաղաքացիական առաքելություն իրականացնելուն, ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքներին, «Թրամփի ճանապարհ» նախագծին։
Այս թողարկման ընթացքում խոսել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթի, Հռոմի Պապ Լևոն XIV-ի հայտարարության մասին, որտեղ Պապը դատապարտել է պատերազմը և հիշատակել Իրանում ու Լիբանանում զոհված երեխաներին։ Թողարկման ընթացքում անդրադարձել են նաև Կապանում անցկացված Իրանի մշակութային փառատոնին։
Alpha News-ի պարսկերեն ալիքը նպատակ ունի ամրապնդել տեղեկատվական կամուրջները Իրանի և պարսկալեզու այլ համայնքների հետ՝ ապահովելով վստահելի և արդիական բովանդակություն։