Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ԱՄՆ-ն չի՞ ցանկանում ողջունել Թուրքիայի դերը «Զանգեզուրի միջանցքի» ձևավորման գործում

20 Դեկտեմբերի 2023, 11:26

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Փաշինյանի քարոզչությունը չի՞ ցանկանում պատասխանել թուրք նախարարին)

Եթե ուշադիր հետևում եք Հայաստանի տեղեկատվական դաշտին, ապա չէիք կարող չնկատել Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած տեղեկատվական քաղաքականության մի քանի օրինաչափություններ.

1. Իշխանական և «մերձ իշխանական» լրատվամիջոցներում Թուրքիայի վերաբերյալ բացասական մեկնաբանությունների բացակայութուն.

2. Այն, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում Հայաստանի դեմ, Թուրքիայի արժանիքն է, քանի որ Անկարան Բաքվին զսպում է Հայաստանի դեմ ագրեսիայից.

3. Հասարակության մեջ ամրապանդել այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները դեմ են ՀՀ տարածքով երրորդ երկրներին որևէ միջանցք տրամադրելուն, ինչպես նաև այն, որ «Զանգեզուրի միջանցքն իրականում ձեռնտու է ոչ թե Ադրբեջանին, այլ ՌԴ-ին»։

Վերջին կետին արժե ավելի մանրամասն անդրադառնալ, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո:
Անցյալ շաբաթ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը բացահայտ հայտարարեց, որ թեև Ադրբեջանի նախագահը հայտնել է՝ տարածքային պահանջներ չունի Հայաստանից, սակայն կան տարաձայնություններ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

«Ներկայումս բանավեճեր են ընթանում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի կոնկրետ մեթոդների շուրջ»,- ասել է Միշելը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլհամ Ալիևն հայտարարել էր՝ Ադրբեջանը պետք է հեշտ մուտք ունենա Նախիջևան։ «Հայաստանն այժմ երկու տարբերակ ունի։ Նախ նրանք պետք է անհապաղ 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցեն իրենց միջոցներով կամ եվրոպական հիմնադրամների գումարներով։ Մենք սա, ըստ էության, համարում ենք նրանց ինքնիշխան տարածքը, և ինքնիշխանության վերաբերյալ որևէ վերապահում չունենք։ Սակայն Ադրբեջանից Նախիջևան ազատ հասանելիություն պետք է լինի։ Այս առումով չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր։ Դա մեր օրինական իրավունքն է»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ այս հարցի վերաբերյալ ավելի վաղ Բրյուսելում (!!!) տարբերակ է քննարկվել՝ Ռուսաստանից Կալինինգրադ երկաթուղային ճանապարհի փորձի հիման վրա։ Ալիևն իրականում միջանցք է պահանջում, բայց այլ ձևակերպումներով, որպեսզի չխանգարի Նիկոլ Փաշինյանին սա Հայաստանում այլ կերպ ներկայացնելու ու հայ ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու համար։

Այս ամենի ֆոնին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրագործմամբ եղբայրական Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամուր ենթակառուցվածքային կապ կստեղծվի։

Նա ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը։ «Այդ միջանցքով ուղիղ կապ կապահովվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ թյուրքական այլ հանրապետությունների հետ»,- ասել է թուրք նախարարը։

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից բանակցություններ է վարել բրյուսելյան հարթակում, որի շրջանակներում քննարկվել է Ադրբեջանին արտատարածքային միջանցքի տրամադրման հարցը (առանց հայաստանյնան հասարակությանը և իր ընտրողներին տեղյակ պահելու, որոնց նա արդեն մի քանի տարի համոզում էր, որ «միջանցքը կարմիր գիծ է կառավարության համար»), Թուրքիան այս հաղորդակցության բացումը համարում է նաև իր համար կարևոր նախագիծ, որը կապահովի Ադրբեջանի և Թուրքիայի և այլ թյուրքական երկրների միջև կապը: Ու Փաշինյանը սա ոչ մի կերպ չի մեկնաբանում, չի մեկնաբանում Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցված այս տարածքային պահանջները։

Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային հավակնությունների համատեքստում, որոնք մի քանի տարի է ինչ ամրագրված են այսպես կոչված «Շուշիի հռչակագրում», որը հաստատում է նախարար Ուրալօղլուն, հետաքրքիր կլիներ իմանալ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքն այս հարցում։

Ինչո՞ւ ենք մենք կենտրոնանում Վաշինգտոնի կարծիքի վրա: Պատասխանն ակնհայտ է. ընդամենը մի քանի օր առաջ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցում ասաց, որ Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։

ԱՄՆ-ը չի՞ ցանկանում ողջունել Թուրքիայի դերը «Զանգեզուրի միջանցքի» ձևավորման գործում։ Դեռ օգոստոսին Միլլերը հայտարարեց, որ Թուրքիան կարող է «արդյունավետ» դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ, Միլլերն այս հայտարարությունն արել է իր արտահայտության համատեքստում, թե «չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է պաշտոնական Երևանին և Բաքվին»։

Շատերի համար արդեն հասկանալի է, որ եթե աշխարհի հայերի զգալի մասի, հայ հասարակության զգալի մասի համար 2020-2023 թվականների իրադարձությունները գործողություններ էին հայկական Ղարաբաղի ճակատագրի մասին, ապա տարածաշրջանային ուժերի, գերտերությունների համար իրադարձություններ էին կապված Անդրկովկասում հաղորդակցությունների գործունեության հետ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի, Ադրբեջանի, Վաշինգտոնի, Բրյուսելի և Փաշինյանի այս հարցում դիրքորոշմանը, ապա կարելի է փաստել՝ նրանց ընդհանուր նպատակն է ապահովել, որ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվի ոչ թե ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության, այլ մի կառույցի կողմից, որը պաշտոնական Անկարան ցանկանում է տեսնել Հայաստանում: Դա նաև թույլ կտա Ադրբեջանին օգտագործել հաղորդակցությունները Ալիևի պահանջներին համապատասխան՝ առանց մաքսային և սահմանային այլ ստուգումների։

Պետքարտուղարությունը և Բրյուսելը չէին կարող ավելի անկեղծ ասել, որ Հայաստանը պետք է համաձայնի Ռուսաստանի Դաշնության հետ իր խորացված ռազմաքաղաքական ռազմավարական գործընկերությունը փոխարինել Անկարայի հովանու ներքո գտնվող տարածաշրջանային ռազմաքաղաքական միավորման ձևաչափով։

Պետքարտուղարությունն ավելի բացահայտ չէր կարող ասել, որ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից «Արևմուտքում ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ փնտրելու» մասին թեզը քաղաքական, տնտեսական և ռազմական առումներով Հայաստանը Թուրքիայի կամքին ենթարկելու ցանկություն է։

Հաշվի առնելով տեղեկատվական քաղաքականությունը, կադրային քաղաքականությունը և բուն Հայաստանում տիրող մի շարք ներքաղաքական գործընթացներ՝ երկրի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության համար ընտրեցին հենց այս ճանապարհը՝ երկիրը վերածել թուրքական կցորդի։