Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Արցախցի Ինգան ժենգյալով հաց է թխում ու նոր պլաններ կազմում | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #10

20 Հոկտեմբերի 2023, 22:00

Ինգա Գրիգորյանը Արցախից բռնի տեղահանվելուց հետո որոշել է Արցախի այցեքարտերից մեկը համարվող ժենգյալով հաց թխել ու հայաստանցիներին մոտիկից փոխանցել արցախյան հացի համը: Այստեղ, իհարկե, ոչ բոլոր կանաչու տեսակները կան, բայց Ինգան վստահեցնում է՝ հացի համը դրանից չի տուժում: Դրանում համոզվեցինք նաեւ մենք՝ Alpha News-ի նկարահանող խումբը՝ հյուրընկալվելով Բալահովիտ գյուղ, որտեղ ապրում է Ինգայի 7 հոգանոց ընտանիքը՝ Արցախից հարկադրված դուրս գալուց հետո:

Մի քանի օր է՝ Ինգան տեղի խանութներ է մատակարարում իր թխած ախորժելի, հաճելի ու մի քիչ էլ կծու, բայց դուրեկան համ ունեցող ժենգյալով հացը: Նա դեռ շատ պատվերներ չունի, բայց հացից համտեսած բնակիչներից գովեստի խոսքեր է լսել:

«Արցախում պատվերով ժենգյալով հաց էի թխում, Հայաստան տեղափոխվելուց հետո մտածեցի, որ էստեղ էլ պետք է թխեմ, որոշել էի նաեւ փախլավա թխել, բայց դրանից թխողներ շատ կան, որոշեցի ավելի շատ հաց թխել: Վատ չի, ստացվում է, մարդիկ գոհ են մնում»,- ժպիտը դեմքին՝ ասում է Ինգան:

Ինգայի ընտանիքը Ստեփանակերտից է բռնի տեղահանվել: Ապրում էին ադրբեջանական դիքերին մոտ, կրակոցների ձայների տակ, վախները սրտում: Ինգան երեք անչափահաս երեխա ունեն:

Ինգան աշխատավայրում է եղել, երբ սեպտեմբերի 19-ին լսել է հրթիռակոծության ձայները: Պայթյունի չդադարող ձայների մեջ արցախցի կինն ասում է՝ «չգիտեի ինչ անել, տո՞ւն, թե՝ դպրոց գնալ, որտեղ երեխաներս էին»:

«Վազեցի տուն, որտեղ երկու երեխաներս էին, հետո դպրոցից վերցրինք ավագ տղայիս ու գնացինք պադվալ: Նույնիսկ հրադադարից հետո վախենում էինք վերադառնալ տուն, օրեր անց տեսանք, որ բոլորը լքում են իրենց տները, մենք էլ ստիպված որոշեցինք դուրս գալ»,- պատմում է Ինգան:

Ինգայի ամուսինը՝ Դավիթը, այդ օրերին Արցախի վիճակը նկարագրում է մեկ բառով՝ անարխիա:

«Արցախն էլ մնալու տեղ չէր, կաշմառ էր»,- հիշում է Դավիթն ու շարունակում պատմել երեք օր տեւած բռնագաղթի դաժան ճանապարհի մասին:
«Խցանում էր, ավտոները մի մետր առաջ էին գնում ու կանգնում, նույնիսկ շտապօգնության մեքենայի համար տեղ չկար: Սոված, ծարավ, անքուն վերջապես հասանք Հայաստան»,- հիշում է Դավիթը:

Արցախից Հայաստան բռնի տեղահանվելու ճանապարհի մասին շարունակում է պատմել Ինգան:

«Երեխաներին համոզում էինք, որ քնեն: Սոված էինք, ուզում էինք շուտ տեղ հասնել, նորմալ բան ուտել: Առանց այդ էլ շրջափակման պայմաններում երեխաները շատ բաներից են զրկված եղել, շատ ծանր օրեր ենք ունեցել: Փոքր տղաս ասում էր՝ նույնիսկ ձմերո՞ւկ էլ չկա, որ ուտենք»,- հիշում է Ինգան:

Սեպտեմբերի 28-ին արդեն նրանք Հայաստանում էին: Եղեգնաձորում հաշվառվելուց հետո նրանք մի քանի օր մնացել են կառավարության տրամադրած անվճար կացարանում, բայց կենցաղային վատ պայմանների պատճառով որոշել են վարձով բնակարան գտնել ու տեղափոխվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ:

«Տան տերն ասաց՝ առաջին ամիսը պետք չէ վարձ տալ, մինչեւ հանգիստ կտեղավորվեք, նույնիսկ գումարի չափի մասին չենք խոսել: Շատ շնորհակալ ենք իրենց, շատ ջերմ ընդունեցին, ամեն ինչով աջակցում են: Էստեղ էլ շատ հարմար պայմաններ չկան, բայց պետության տված գումարով խոհանոց, լոգարան ենք սարքում, պայմանները՝ բարելավում: Ուզում ենք նորից կյանքը սկսել, ամեն ինչի կարիք էլ ունենք, կամաց-կամաց կանենք»,- ասում է Դավիթը՝ հույսով, որ առաջիկայում աշխատանք կգտնի եւ կյանքի համար նոր պլանների կկազմի:

Արցախ վերադառնալու մասին այժմ չեն մտածում: Ինգան ասում է՝ հայրենիք կվերադառնա այն ժամանակ, երբ Արցախում թուրք չլինի: