Արդյոք Ռուսաստանը կպատասխանի Փաշինյանին իր «քաղաքական էքսպերիմենտով»
08 Մարտի 2024, 13:29
(Փաշինյանի պաշտոնի համար ներիշխանական քասթինգը տգեղ ձևեր է ստանում)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայաստանը Ռուսաստանին պաշտոնական նամակ է ուղարկել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին երեկ, մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այս հայտարարության լույսի ներքո կարելի է ենթադրել՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել այս շաբաթ ռուսական կողմի նախաձեռնությամբ, ի թիվս այլնի, նպատակ ուներ ավելի մանրամասն բացատրություններ ստանալ պաշտոնական Երևանի դիրքորոշման ՝«Զվարթնոց»-ի տարածքից ռուս սահմանապահներին հեռացնելու ցանկության վերաբերյալ, հատկապես այն համատեքստում, որ «Զվարթնոց»-ը ԵԱՏՄ-ի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է Անդրկովկասում։
Գրիգորյանի հայտարարությունը հաստատում է նաև այն թեզը, որ Հայաստանի իշխանություններն անդրդվելի են Հայաստանի և նրա բնակչության վրա հերթական փորձարկումն իրականացնելու մտադրության մեջ, մի փորձարկում, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթն արդեն զգուշացնում է քաղաքացիներին սպասվող տնտեսական դժվարությունների, եթե չասենք աղետների մասին։
Նախ, ակնհայտ է, որ դժվարությունները լինելու են ոչ միայն տնտեսական, այլև էկզիստենցիալ, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների լիակատար խզումը հենց այն է, ինչ Անկարան և Բաքուն պետք է հասնեն Հայաստանին օկուպացնելու հնարավոր փորձերից առաջ («Արևմտյան Ադրբեջանի» թեզը հենց օկուպացիայի նախերգանքն է)։
Երկրորդ՝ ընտանեկան թերթում տպագրված այս նյութից, պարզ է դառնում, որ իշխանությունները քաջ գիտակցում են, թե ինչի են տանում երկիրը, և ինչ հետևանքների կարող է հանդիպել հայ ժողովուրդը։ Սա կարևոր նրբերանգ է այն գործընթացների լույսի ներքո, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում, և ոչ ոք չի կարողանա ասել, որ իրենք չեն գիտակցել այն սպառնալիքների մասշտաբները, որոնք Բաքուն և Անկարան կստեղծեն հայ ժողովրդի համար, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների խզման արդյունքում։
Բայց այստեղ կա ևս մեկ ուշագրավ նրբերանգ. իսկ եթե ՌԴ-ն, ինչպես Արցախից հրաժարվեց դուրս բերել իր զորքերը, հրաժարվի դուրս բերել նաև սահմանապահներին «Զվարթնոցից», հաշվի առնելով հենց ԵԱՏՄ-ի գործոնը, ապա ի՞նչ։ Իշխանության մեջ որևէ մեկը մտածե՞լ է այս սցենարի մասին:
Ի վերջո, նույնիսկ Ղարաբաղից հայերին դուրս բերելուց հետո իշխանությունները չկարողացան հասնել խաղաղապահների դուրսբերմանը, իսկ ով ասաց, որ սցենարը չի կարող կրկնվել սահմանապահների մասով։
Այս իրավիճակում կա ևս մեկ ուշագրավ տարր. ինչպես նկատեցիք, վերջին շրջանում հակառուսական հայտարարություններ են անում Նիկոլ Փաշինյանի ենթակաները, որոնք, ըստ «օդում կախված լուրերի», արևմտյան տարբեր շրջանակների համար կարող են համարվել Փաշինյանի իրավահաջորդներ՝ խոսքը Ալեն Սիմոնյանի և Արմեն Գրիգորյանի մասին է։ Հաշվի առնելով Հայաստանի նման երկրների իշխանական խմբավորումների հարաբերությունների առանձնահատկությունները՝ կարելի է ենթադրել, որ ի թիվս այլ բաների, մենք տեսնում ենք նաև Փաշինյանի պաշտոնի համար հրապարակային քասթինգ, որտեղ տարբեր պաշտոնյաներ փորձում են ապացուցել, որ իրենք կարող են «ավելի շատ Նիկոլ լինել, քան ինքը՝ Փաշինյանը»։
Սա վկայում է ոչ միայն իշխանության պառակտման, այլև այն փաստի մասին, որ իշխող կուսակցությունն ինքը վստահ չէ՝ Փաշինյանը կիրականացնի հնչեցրած ծրագրերը (ՀԱՊԿ-ից դուրս գալ, 102 ռազմաբազաների և ՌԴ սահմանապահների դուրսբերում) և ուստի բոլորը փորձում են իրենց ծառայություններն առաջարկել «Փաշինյան 2.0»-ի դերի համար, բայց սա նաև ապացուցում է, որ իշխանական բուրգն այնքան էլ կուռ չէ, որքան փորձում են համոզել հասարակությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…
Մտածե՛ք այդ մասին…»։