Ավելի բարեկեցիկ հասարակության խոստման փոխարեն՝ ավելի մեծ պարտքային բեռ
04 Հունիսի 2025, 19:00
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել: Կարելի է ասել նույն արագությամբ, ինչպիսին այս իշխանության խոստումներն էին ժամանակին: ՀՀ պետական պարտքը մոտենում է 14 մլրդ դոլարի շեմին:
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարվա ապրիլի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 13.6 մլրդ դոլար: Նշենք, որ պետական պարտքի զգալի մասը՝ մոտ 96 %-ը բաժին է ընկնում Կառավարությանը և միայն մոտ 4%-ը՝ ԿԲ-ին:
Պարտքային բեռի ավելացման մասին բարձրաձայնումն ինքնանպատակ, կամ առավել ևս պարզապես վիճագրության ընթերցում չէ: Այս խնդրի ներքո կան բազմաթիվ հարցեր, գործոններ, այդ թվում՝ օբյեկտիվ, բայց և՝ ռիսկեր: Որո՞նք են դրանք:
Նախ, նշենք, որ նշված ժամանահատվածում ընդհանուր պարտքից միայն մոտ 7 մլրդ դոլարն արտաքին պարտքն է, մոտ 6,5 մլրդ դոլարը՝ ներքին աղբյուրներից վերցված պատքը: Արտաքին պարտքի մասնաբաժինը գերազանցում է ներքին պարտքը: Ընդամենն ամիսներ առաջ պետական պարտքի աճի ահազանգերին ի պատասխան՝ իշխանությունների ներկայացուցիչները որպես դրական փոփոխություն նշում էին, որ փոխարենը ներքին պարտքն է ավելացել և գերազանցել արտաքինին: Այսօր, փաստորեն, այդ պատկերն էլ չկա:
Իրականում այն, որ ներքին պարտքի մասնաբաժինն ավելի մեծ էր, իսկապես դրական կողմեր ուներ. նվազում էին արտարժույթից փոխարժեքային ռիսկերը, հետ վերադարձվող գումարներն, օրինակելի պարագայում, տնտեսությունից դուրս չեն գալիս: Բայց ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումն ունի շարունակություն, որի մասին իշխանությունը լռում էր. ներքին պարտքն ավելի թանկ միջոցներ են, ավելի բարձր տոկոսով գումարներ: Դա նշանակում է, որ պարտքի բեռն ավելի էր ծանրանում: Կրկին, չհերքելով ներքին պարտքի մասնաբաժնի աճի դրական կողմը, այնուամենայնիվ այսօր արտաքին պատքը կրկին գերազանցել է ներքին պարտքը:
Մյուս գործոնն այս հարցի համատեքստում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կառավարելի տիրույթում է: Բայց սա կայուն հիմքերի վրա չէ, քանի որ մի կողմից ՀՆԱ-ն կայուն չէ՝ պայմանավորված ժամանակավոր գործոնների գերակայությամբ, մյուս կողմից այս ցուցանիշի լավարկման վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել դրամի արժևորումը. կփոխվի այդ պատկերը, ցուցանիշը ևս կվատթարանա:
Անհերքելի փաստ է, որ պետությունները պարտք վերցնում են, դա օրինաչափ է: Այո, բայց գումարների կառավարման արդյունավետությունից զատ, շատ կարևոր է, որ վերցվող գումարները ձևավորեն կայուն հեռանկարներ պարտքն ապագայում անցնցում սպասարկելու և նաև բնակչության սոցիալական կարիքները հոգալու համար: Իսկ մեզ մոտ նոր պարտքը վերցնում են հինը մարելու համար՝ ընդ որում, նոր պարտքը՝ հետզհետե ավելի բարձր տոկոսներով:
Ամփոփելով՝ նշենք, որ պետական պարտքի ավելացումը հասարակության համար ներկայի և ապագայի բեռ է՝ անկախ քննարկման ենթակա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններից: Սա այն դեպքում, երբ զուգահեռ կա գործազրկության աճ, գնաճի չհանդարտվող ալիք, սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացում, աշխատող աղքատի կատեգորիայի ամրապնդում մեզ մոտ: Եվ այս ամենն իշխանության՝ բարեկեցիկ հասարակություն ունենալու խոստումերի համատեքստում է:
Չիրականացված խոստումների…