Հայաստան փոխանցվող գումարները կրճատվել են
31 Հունվարի 2025, 18:35
Համաշխարհային բանկի՝ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների ամսական զեկույցի համաձայն, դեպի Հայաստան դրամական փոխանցումներն, ընդ որում թե՛ ՌԴ-ից, թե՛ ԱՄՆ-ից, կրճատվել են: Խոսքը 2024 թվականի նոյեմբերի ցուցանիշի մասին է:
Զեկույցում ասվում է, որ 2024-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ, այսինքն՝ մեկ ամսվա կտրվածքով անկումը կազմել է 14,3 %, իսկ ահա տասներկուամսյա կուտակային ցուցանիշի պարագայում անկումը կազմել է 21,7 %: Եթե կուտակային ցուցանիշի անկմանն անդրադառնալու լինենք, ապա դրանում բավական մեծ ազդեցություն ունի բազային էֆեկտը (նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում արձանագրված բարձր ցուցանիշը): Բայց ահա նախորդ ամսվա նկատմամբ անկումը վկայում է, որ բացարձակ թվով էլ հոսքերը կրճատվում են:
Պետք է նշել, որ ՀՀ ԿԲ-ի կողմից հապարակված տվյալների ուսումնասիրությունը (նկարի աջ կողմում) ևս փաստում է, որ և՛ ՌԴ-ից, և՛ Միացյալ Նահանգներից ավելի քիչ գումար է փոխանցվում Հայաստան:
Ի դեպ, այն, որ նշվում է հենց այդ երկրների անունները, պատահական չէ, քանի որ դրանք հենց այն ուղղություններն են, որտեղից ամենամեծ ծավալի փոխանցումներն են կատարվում:
Եթե համեմատելու լինենք 2024թ-ի հունվար-նոյեմբերի հոսքը 2023թ-ի նույն ժամանակահատվածի հոսքերի հետ, ապա ՌԴ-ից անկում կա, ԱՄՆ-ից՝ փոքր աճ: Հետևաբար այս գործոնի պարագայում ևս, ՌԴ-ից ցուցանիշի վատթարացումը համախառն պատկերի վրա ունենում է մեծ ազդեցություն։