Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հայաստանը «աշխարհաքաղաքական խաչմերուկում»

14 Սեպտեմբերի 2023, 22:30

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Շուրջ 2 շաբաթ է, ինչ արտաքին քաղաքական օրակարգը չի լքում հայկական լրատվամիջոցների առաջին էջերը, և դա արդարացված է, քանի որ մեր աչքի առաջ ծավալվող վերջին գործընթացները Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հրապարակային դրսեւորումներ են։

Եթե ռուսական և արևմտյան լրատվամիջոցները վերջին շաբաթներին սկսել են խոսել Հայաստանի «եվրատլանտյան հավակնությունների և հեռանկարների» մասին, այսինքն՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, ապա Հայաստանում մի շարք քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, 2018 թվականից խոսում են այն մասին, որ գործող իշխանությունը կկոտրի երկրի ներկայիս անվտանգության համակարգը՝ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, կքանդի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը և կհրաժարվի Մոսկվայի հետ, նույնիսկ, տնտեսական համագործակցությունից։

Ընդ որում, դա բոլորին, գրեթե ուղղակիորեն, ասվել է 2018 թվականին , և ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, որը 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է սահմանափակվի պատմական կարծրատիպերով»։

Շատերի համար Բոլթոնի այս արտահայտություն հրահանգը , որը մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի խորքային քաղաքականության դրսեւորումն է, ինչպես նաև 2018 թվականի իրադարձությունների իրական նպատակը, մնաց թերագնահատված: Մինչդեռ, հենց դա է 2020 թվականի պատերազմի հիմքում ընկած, հենց դա է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ռուսական բանակցային հարթակում բանակցային գործընթացի սաբոտաժի հիմքում ընկած: Հենց դա էլ ընկած է նաև Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմքում, ինչպես նաև Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունների՝ «հայրենասիրության նոր մոդել» ստեղծելու անհրաժեշտության մասին, «Հայաստանի քաղաքականության տարածաշրջանային անցման», տարածաշրջանում անվտանգություն փնտրելու, «հարևանների հետ հարաբերություններ հաստատելու» համատեքստում, ինչը պետք է հանգեցնի մի իրավիճակի, երբ «Հայաստանը կարիք չի ունենա դիմելու երրորդ երկրներին՝ օգնություն ստանալու համար»:

Հայաստանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ դարձյա՛լ ռուսական տեղեկատվական դաշտի մաս է, և ռուսական լրատվամիջոցները, փորձագետները, Telegram ալիքները, իրար հերթ չտալով, փորձում են ճշգրիտ բնութագրել Փաշինյանի գործողությունները, հատկապես, նրա այն հայտարարությունների համատեքստում, թե սխալ է «գազն ու անկախությունը մեկ հարթակում դիտարկելը», կամ, որ «ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը Արցախում»:

Հայաստանի իշխանության հռետորաբանության մեջ, ըստ էության, ոչ մի նոր բան չկա: Ու, երբ հիմա խոսվում է այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ԿԳԲ-շնիկ գյադա» էր անվանում, այսօր Մարիա Զախարովային անվանում է «ինչ-որ քարտուղարուհի», կամ Նիկոլ Փաշինյանը, որն անցյալում հանդես էր գալիս Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ, իսկ այսօր, պարզապես, սաբոտաժ է անում Երևանի և ՀԱՊԿ-ի համագործակցությունը, ինչպես նաև, ակնհայտորեն, ակնարկում ռուսական գազից պոտենցիալ հրաժարվելու մասին, պետք է փաստել, որ իրականում այս գործիչները, պարզապես, իրենց «բնական վիճակում» են: Այլ բան, որ երկար ժամանակ է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, Ռուսաստանի Դաշնությունը աչք էր փակել բազմաթիվ աղաղակող փաստերի վրա։

Հայաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչներն, ուղղակի, սկսել են անձամբ բարձրաձայնել բոլոր այն թեզերը, որոնք վաղուց հայ հասարակությանը ներկայացվում էին իրենց քարոզչամեքենայի կողմից։ Արդեն 5 տարի է, ինչ հայ հասարակությանը գրեթե ամեն օր համոզվում են ռուսական բազան դուրս բերելու, ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու անհրաժեշտության մեջ։

Ավելին, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից հրաժարվելու անհրաժեշտությունը միջազգային ասպարեզում լեգիտիմացվել է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ (2023թ. մայիս) ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել, որ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ինչպես նաև ամրապնդել տնտեսական կապերը, և նույնիսկ, ապահովել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությունը:

«Կոլեկտիվ անվտանգությունը» ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական դաշինքի ստեղծում, և քանի որ Միացյալ Նահանգները զրկված է տարածաշրջանում «տեղում գործընթացներին արագ արձագանքելու» հնարավորությունից, Թուրքիան պետք է դառնա այդ հարցում «վերահսկողը»: Իսկ տնտեսական համագործակցությունը, ի թիվս այլ բաների, ենթադրում է ոչ միայն «հաղորդակցությունների ապաշրջափակում», այլև, օրինակ, ռուսական գազից հրաժարվելու և ադրբեջանական կամ թուրքական գազով փոխարինումը։

Կա միայն մեկ «բայց»: Հատկապես, հաշվի առնելով այս օրերին Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունները, պաշտոնական Երևանն ակնհայտ կերպով փորձում է «երրորդ ուժերին ներքաշել տարածաշրջան»՝ լինի ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան, այս դեպքում, այնքան էլ կարևոր չէ, ինչը մի կողմից անհանգստություն է առաջացնում Իրանում, ինչի մասին բացեիբաց հայտարարել են և՛ Իրանի նախագահը, և՛ Իրանի ԱԳՆ ղեկավարը, մյուս կողմից՝ կարող է իրավիճակ ստեղծել, երբ Հայաստանը կարող է իր դեմ միավորել պաշտոնական Մոսկվային, Թեհրանին և Անկարային։ Աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող, աշխարհի որոշ կետերում նույնիսկ միմյանց դեմ պատերազմող այս 3 երկրները միասնական են իրենց ազդեցության գոտի երրորդ ուժերի մուտքը թույլ չտալու ցանկության մեջ, ինչպես իր վերջին հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին բացեիբաց հայտարարեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Արդյունքում, «աշխարհաքաղաքական շրջադարձը» կարող է ավարտվել նրանով, որ Հայաստանը կդառնա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի թշնամին, ինչը չի կարող չազդել ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա…

Ամեն դեպքում, կարելի է արձանագրել, որ Հայաստանը գտնվում է «աշխարհաքաղաքական խաչմերուկում»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով…