Հետհաշվարկը սկսվե՞լ է
23 Նոյեմբերի 2023, 23:00
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
(Արցախն ու Հայաստանն այլևս խոչընդոտ չե՞ն իրանական նավթի և Լոնդոնի միջև)
Թեև առաջին հայացքից Հայաստանի շուրջ գործընթացներն արագանում են, և գրեթե ամեն օր ի հայտ են գալիս նոր գործոններ, սակայն այդ գործընթացների ռազմավարական ուղղվածությունն անփոփոխ է` երկրի անվտանգության իրական հիմքերի տոտալ ոչնչացում:
Այն բանից հետո, երբ արևմտյան բանակցային հարթակում բանակցային գործընթացը կանգ է առել, հանրային դիսկուրս մտցվեց այն թեզը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ առանց միջնորդների՝ Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների ձևաչափով»։
Այս թեզը հնչեցրեց թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-ն, թե՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, սակայն բեկումնային էր Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթիի այցը տարածաշրջան։
Դոքերթին այցելել է Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, ու բրիտանացի պաշտոնյայի Բաքու այցից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Դոքերթիի տարածաշրջանում հայտնվելուց հետո էր, որ հայկական կողմը Ադրբեջանին ներկայացրեց խաղաղության պայմանագրի վեցերորդ տարբերակը։ Այս մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության «X» սոցիալական ցանցում հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Հայաստանը հավատարիմ է նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուն։
Ավելին, բրիտանացի դիվանագետի տարածաշրջանային այցից հետո էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվեցին պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել:
«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – նշվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի Facebook-յան գրառման մեջ։
Կարող ենք արձանագրել, որ միջնորդներն արդեն արել են իրենց գործը՝ Մեծ Բրիտանիան, ըստ ամենայնի, անվտանգության երաշխիքներ տալով Փաշինյանին, մղել է ՀՀ-ին Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։
Պաշտոնական Բաքվին անհրաժեշտ են բանակցություններ այս ձևաչափով, որպեսզի խաղաղության պայմանագիրը (որը կարող է ստորագրվել նաև Թբիլիսիում) երաշխավոր չունենա, որպեսզի չհստակեցվեն այն մեխանիզմները, որոնք կկիրառվեն համաձայնագրի խախտման դեպքում։ Այսինքն՝ Ադրբեջանը չի ցանկանում իրեն ծանրաբեռնել նույնիսկ ստորագրությամբ փաստաթղթի վրա, որով հնարավոր կլինի Բաքվին պատասխանատվության ենթարկել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար։
Եթե «խաղաղության պայմանագիրը» կնքվի «առանց միջնորդի» և առանց այս փաստաթղթի կատարման իրական երաշխավորի արդյունքում, ապա «համաձայնագիրն» ինքնին կդառնա խորհրդանշական հետհաշվարկ հայոց պետականության համար, իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, կստանձնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի դերը։
«Ես Ձեզ խաղաղություն եմ բերել»! — այս խոսքերն արտասանեց Անգլիայի վարչապետ Չեմբերլենը: Նա դա արեց 1939-ի մարտին՝ Ադոլֆ Հիտլերի՝ Անգլիայի հետ պատերազմ չսկսելու խոստումով՝ թուղթ թափահարելով Լոնդոնի օդանավակայանում: Նա նոր էր վերադարձել Մյունխենի կոնֆերանսից, որտեղ Չեմբերլենը և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեն դավաճանեցին Չեխոսլովակիային, թողնելով, որ նրան կուլ տա Հիտլերի նացիստական ռեժիմը:
Ուշադրություն դարձրեք, թե որքան նրբանկատ են գործում Անգլիան և Ադրբեջանը. պաշտոնական Լոնդոնը պաշտոնապես չի մասնակցում Երևանի և Բաքվի բանակցություններին, թեև Անդրկովկասում հիմնարար շահեր ունի Մեծ Բրիտանիան, և ոչ Վաշինգտոնն ու Բրյուսելը, խոսքը իրանական նավթի մասին է: Ադրբեջանը, հանդիսանալով Անդրկովկասում Բրիտանիայի շահերի հասնելու պաշտոնական Լոնդոնի հիմնական գործիքներից մեկը, պաշտոնապես դեմ է «Անդրկովկաս տարածաշրջանից դուրս եղած սուբյեկտներին ներգրավվելուն», ավելին, ի ուրախություն ռուս որոշ փորձագետների, կազմակերպում է ցուցադրական, բայց ոչ բովանդակալից, դեմարշներ ընդդեմ Արևմուտքի՝ խորհրդարանում հայտարարությունն ընդունելուվ ընդդեմ ԱՄՆ-ի, փակելով USAID-ի և այլն։
Մեր աչքի առաջ շատ լավ մտածված շախմատային խաղ է ծավալվում, որը կարող է հանգեցնել նրան, որ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը այլևս խոչընդոտ չեն հանդիսանա իրանական նավթի և Լոնդոնի միջև…