Ի՞նչ է նշանակում Թրամփի վերադարձը համաշխարհային տնտեսության համար
22 Հունվարի 2025, 19:21
Ինչպիսի՞ ազդեցություն կունենա «ամերիկյան ոսկեդարը» համաշխարհային տնտեսության համար։ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո այս հարցը համաշխարհային տնտեսությունում տարբեր սպասումների ձևավորման առանցքում է։ Երդմնակալության արարողությունից և արդեն իսկ ստորագրված մի շարք հրամանագրերից հետո հարցը ոչ միայն կրկին արդիական է, այլև գործնականում որոշ դրսևորումներ ունեցավ։ Իհարկե, օրինաչափ է, որ գործնականում արագ արձագանքը նկատվեց ֆինասնական շուկաներում՝ ինդեքսների տատանումներով։
Իհարկե, դրանք առաջնային արձագանքն են, սակայն հստակ փոխկապակցված թրամփյան տնտեսական քաղաքականության հիմնական սպասելիքների համատեքստում։ Իսկ սպասելիքներն ԱՄՆ-ում գնաճն է՝ Կանադա և Մեքսիկայից ներկրումների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրքերի ֆոնին, ինչը դոլարի դիրքերի ամրպնդման տեսանյուկից որոշակի սպասումներ է առաջացնում, թեև դա միանշանակ չէ՝ հաշվի առնելով ԵՄ-ի և Չինաստանի նկատմամբ քաղաքականության վերաբերյալ Թրամփի՝ ավելի վաղ տրված մեսիջներին։
Ի դեպ, փորձագիտական տիրույթում բավական մեծ քննարկումներ ու գնահատականներ կան առ այն, որ Թրամփը Եվրամիությանը կանգնեցրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ընտրության առաջ՝ կրկին առևտրային, այսպես կոչված, պատերազմի գործիքների կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Ի դեպ, ԲՐԻԿՍ երկրների նկատմամբ ևս թրամփյան այս ձեռագիրը, առնվազն, որպես հավանական սցենար, շրջանառվում է։
Սպասումների ֆոնին, թերևս մեկ այլ, ավելի իրատեսական է էներգակիրների շուկայում սպասվող փոփոխություներն՝ ի դեմս ԱՄՆ-ի կողմից արդյունահանման ծավալների մեծացման մասին որոշման։ Սա նշանակում է առաջարկի ավելացում, որն ինքնաբերաբար ենթադրում է գների անկում,ինչն էլ պատճառահետևանքային կապով անդրադառնալու է ոսկու գների բարձրացման վրա՝ որպես ամենավստահելի կապիտալի։
Մյուս կողմից, արդեն մեզ ավելի մոտ տարածաշրջանում, ի դեմս ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների համատեքստում հնարավոր փոփոխություններին ու հակառուսական պատժամիջոցների թուլացման շանսի, նման սցենարը կարող է առիթ լինել դեպի Հայաստանի արտաքին ազդեցությունների է՛լ ավելի թուլացման։
Իհարկե, Թրամփն անկանխատեսելի է և այդ համատեքստում դժվար կլինի լիարժեք գնահատել՝ ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը։
Ինչևէ, բավական հետաքրքիր է այդ սպասումների մասին ԱՄՀ՝ վերջերս արված կանխատեսումները, համաձայն որոնց՝ համաշխարհային տնտեսության աճը 2025 թվականին գնահատվել է 3.3 %՝ նախոդ կանխատեսումից բարելավվելով 0.1%-ով: ԱՄՆ-ի դեպքում կանխատեսվում է 2,7% աճ, Եվրագոտում՝ 1%, Չինաստանում՝ 4,6%, ՌԴ-ում՝ 1,4%, Գերմանիայի՝ 0,3%:
Իսկ թե իրականում ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականությունը համաշխարհային տնեսության վրա, ցույց կտա ժամանակը: