Ինչո՞վ է ազգայնացումը տարբերվում սովորական ռեկետից
05 Հուլիսի 2025, 10:00
Ազգայնացումը մասնավոր սեփականության հարկադիր բռնագրավման գործընթաց է պետության օգտին՝ արդարացի փոխհատուցման պարտադիր ապահովմամբ։
Միջազգային պրակտիկան ազգայնացման համընդհանուր բնութագրեր է դուրս բերում, որոնցով էլ ազգայնացումը տարբերվում է հարկադիր բռնագրավման այլ տեսակներից, օրինակ՝ քաղաքական ռեկետից, կոնֆիսկացիայից և այլն:
Ըստ այդմ՝ ազգայնացումն այդպիսին համարվելու համար անհրաժեշտ է, որ լինի պետական իշխանության նախաձեռնություն, ունենա օրենսդրական հիմք՝ իրավական որոշակիություն ապահովելու համար, ունենա բռնագրավման բնույթ: Վերջինիս մասով շատ կարևոր է նշել, որ ազգայնացումն ունի նպատակ բռնագրավել սեփականությունը հասարակության և պետության շահերից ելնելով, այլ ոչ՝ որպես պատժամիջոց: Սա շատ կարևոր է, և հատկապես կարևոր՝ բռնագրավման մյուս տեսակներից տարբերակվելու իմաստով: Այն, ինչ մեզ մոտ է այսօր տեղի ունենում ՀԷՑ-ի շուրջ, հակառակի մասին է վկայում:
Մյուս կողմից, որպեսզի գործընթացն իրապես ազգայնացում համարվի, անհրաժեշտ է արդար և համաչափ փոխհատուցում:
Ինչպես արդեն նշեցինք, սրանք ունիվերսալ տարբերակիչներից են, որոնցով ազգայնացումն առանձնանում է, օրինակ, ռեկետից: Թե այս բնութագրիչներից որոնք կան այսօր Հայաստանում ընթացող պրոցեսներում, թողնենք ընթերցողի գնահատականին:
Միաժամանակ, ազգայնացումը բավական մեծ զգուշավորություն պահանջող գործընթաց է: Այս գործընթացի ոչ միայն բնութագրիչներն, այլև հիմնավորումները պետք է լինեն ծայրաստիճան ընկալելի ու ծանրակշիռ՝ հաշվի առնելով ռիսկերով լի լինելը: Միջազգային պրակտիկայում ազգայնացման չհաջողված փորձերից բխող ռիսկերն ակնհայտ են՝ սկսած ազգայնացվող կառույցի/ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումից, մինչև պետության վարկանիշն ու ներդրումային դիրքին հարվածի ռիսկը:
Մինչդեռ կողմնակալ լինելու տպավորությունից զերծ մնալու համար կենտրոնանանք հենց հաջողված փորձերի ուսումնասիրությունից դուրս բերված որոշ կարևոր նախապայմանների վրա:
Գործընթացը պետք է լինի հիմնավորված ու արդարացված թե՛ սոցիալական կարիքներով, թե՛ տնտեսապես, լինի թափանցիկ, ապահովի արդյունավետ կառավարում: Ի դեպ, հաջողված պրակտիկայից Ֆրանսիայի (Երկրորդ աշխարհամարտից հետո) պարագայում գոյություն ուներ «կառավարիչների կառավարիչներ» ինստիտուտը, որը լրացուցիչ վերահսկողություն իրականացնող նեղ մասնագիտական խումբ է, այդ թվում՝ այլ երկրներից հրավիրյալ: Այս մեխանիզմն արդյունավետ կառավարման տեսանկյունից շատ գործուն է:
Շարունակելով հաջողված ազգայնացման համար կարևոր նախապայմանների թեման՝ առանձնացնենք սոցիալական աջակցությունը և զգուշավորությունը: Սոցիալական աջակցության մասով գործընթացը պետք է լինի ընկալելի հանրության բոլոր շերտերի կողմից: Ինչ վերաբերում է զգուշավորությանն, ապա պետք է նշել, որ գործընթացը չպետք է իրականացվի հապճեպ և պետք է կյանքի կոչվի մանրակրկիտ վերլուծությունից հետո: Կրկին՝ մեզ մոտ օրերի ընթացքում ընդունված օրենքի նախագիծը զգուշավորության մասին չէ խոսում:
Միաժամանակ, անգամ հաջողված փորձի պարագայում, ուսումնասիրությունները վկայում են, որ ազգայնացումը որպես այդպիսին ծայրահեղ միջոցառում է և կիրառվում է այն դեպքերում, երբ պետական քաղաքականության համար այլ ելքեր չեն մնացել: