«Կուզեմ՝ Բելառուսի հայկական համայնքը լինի նույնքան ուժեղ, որքան Գլենդելինը»․ «Հարազատս հյուսիսից»
20 Մայիսի 2025, 22:00
Alpha News-ի նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ը ներկայացնում է Մինսկի հայ համայնքի կյանքը՝ բացահայտելով համայնքային կյանքի յուրահատկությունները և ազգապահպանման կարևորությունը։
Մեր ճանապարհորդությունը սկսվել է Հայաստանից դեպի Մինսկի հայկական կենտրոն, որտեղ հայ համայնքի առաջին եկեղեցին հիմնվել է դարեր առաջ։ Երեք հայ ճարտարապետների անգնահատելի ներդրումը հստակ տեսանելի է քաղաքի կենտրոնում, ուր նրանց նախագծած շինությունները դարձել են Բելառուսի մշակութային ժառանգության անբաժանելի մաս։
Հատուկ ուշադրություն է դարձվել Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման պատմությանը, որը համայնքի հոգևոր կյանքի կարևոր առանցքն է։ Alpha News-ի ռեպորտաժում ներկայացված է նաև քահանա Չոփուրյանի հարցազրույցը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Մինսկի հայերը պահպանում ազգային ինքնությունն ու կրոնական ավանդույթները։
Ծրագրի ընթացքում հանդիպել ենք համայնքի ճանաչված ներկայացուցիչներին՝ Ռուզաննա Ավանեսյանին, որը համայնքում հայտնի է որպես «сваха», և Մինսկի «Էրեբունի» պարային համույթի անդամներին, որոնք 27 տարի է, ներկայացնում են հայկական մշակույթը։
Համայնքի երիտասարդները կիսվել են իրենց մտքերով ու ապրումներով՝ խոսելով ինչպես հայկական ինքնության պահպանման, այնպես էլ Բելառուսի ընկերների հետ ունեցած կապերի մասին։ Alpha News-ի ռեպորտաժում նրանք նշել են, որ Բելառուսի հայկական համայնքը պետք է լինի նույնքան ուժեղ, որքան Գլենդելի համայնքը։
Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքի այս հաղորդումը պատմում է Բելառուսում բնակվող մեր հայրենակիցների մասին՝ ներկայացնելով նրանց պատմություններն ու փորձառությունները։