Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Լավրովը հաստատեց՝ ՌԴ-ն չի պատրաստվում լքել Անդրկովկասը

29 Դեկտեմբերի 2023, 14:22

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ընդամենը մեկ օր առաջ խոսեցինք այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում լքել Անդրկովկասը, ինչի վկայությունն է Հյուսիս-Հարավ ՄՏՏ նախագծի իրականացման աշխատանքների ակտիվացումը, մասնակցությունը տարածաշրջանային «3+3» հարթակին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը, և այժմ այս թեզը հաստատում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի նպատակահարմարության մասին քննարկումները վնասակար են։

«Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է տեղակայվել 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի համաձայն, Հայաստանի տարածքում դրա նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է: Ռազմաբազան տեղակայվել է առաջին հերթին ելնելով ազգային շահերից և մեր պետությունների ընդհանուր նպատակից՝ ամրապնդելու կայունությունը Հարավային Կովկասում»,- ասել է նախարարը:

Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։

Ավելին, Սերգեյ Լավրովը, մի կողմից, ընդգծել է Մոսկվայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի շփումների խորացման վերաբերյալ՝ օգտագործելով այս համատեքստում Ուկրաինայի վերաբերյալ նախկինում արված ձևակերպումները՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կհարթվեն, եթե լինի դրա համար քաղաքական կամք։

Այսինքն՝ Լավրովը հստակ նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն մտադիր չէ «լքել տարածաշրջանը», այլև անընդունելի է համարում նույնիսկ դիսկուրսը տարածաշրջանում 102 ռուսական ռազմակայանների առկայության դեմ, և այս հարցին արժե ավելի մանրամասն անդրադառնալ։

Ռուսաստանի պատմականորեն անփոփոխ ետաքրքրությունը նրա Անդրկովկասյան սահմանների և իր սահմանի մատույցների անվտանգությունն ու կայունությունն է։ Այդ շահերը ոչ միայն չեն հակասում Հայաստանի շահերին, այլեւ լրացնում են միմյանց։

Տնտեսապես զարգացած, քաղաքականապես կայուն հայկական պետությունը՝ ժամանակակից և մարտունակ բանակով, նաև Անդրկովկասյան տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական շահերի պահպանման երաշխավորն է։

Ակնհայտ է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են առաջին հերթին ռուսական շահերը։ Դրանք, սակայն, համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Հայկական շահն ակնհայտ է՝ պաշտպանություն Թուրքիայից։ Ռուսական ռազմաբազան թույլ է տալիս Հայաստանին չդառնալ Սիրիա: Սա թերագնահատելը, մեղմ ասած, անհեռատեսություն է։

Եվս մեկ անգամ նշենք, որ հայկական շահն ակնհայտ է՝ պաշտպանություն Թուրքիայից։ Այս թեզի արդիականությունը հասկանալու համար պետք է դիտարկել երկու փաստ՝ պատմական և ավելի ժամանակակից: Ելնելով իր շահերից՝ Թուրքիան, չնայած միջազգային սահմանափակումներին և արգելքներին, 2019 թվականի հոկտեմբերին լայնածավալ ռազմական գործողություններ իրականացրեց քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում։ Ակնհայտ է, որ եթե չլիներ Դամասկոսի դիմադրությունը՝ պաշտոնական Անկարան կարող էր կրկնել այն, ինչ արեց 1974 թվականին՝ «Կիպրոսում խաղաղապահ գործողությունը», որը հանգեցրեց Հյուսիսային Կիպրոսի օկուպացմանն ու խամաճիկ պետության ստեղծմանը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ իրականում ի՞նչն է խանգարում Թուրքիային նման բան անել Հայաստանի դեմ։

Սակայն Հայաստանում իր ներկայությունը պահպանելու, ինչպես նաև հայ ժողովրդի կողմից որպես գործընկեր պետություն ընկալվելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում ցուցաբերել՝ միաժամանակ «խաղադրույք» կատարել ոչ միայն ռազմական և տնտեսական համագործակցության բաղադրիչի վրա, այլ նաև կարևոր է քաղաքական ներգրավվածությունը, շփումը հայ հասարակության հետ, գրավիչ գործընկերոջ կերպարի ձեւավորումը։

Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները չպետք է շփոթել վասալային բնույթի հարաբերությունների հետ, և պետք չէ ակնկալել, որ երբևէ կարելի է նման ձևաչափ հաստատել։ Ռուսներին էլ վասալ պետք չէ, քանի որ 21-րդ դարում վասալ պահելը չափազանց թանկ է (հարցրեք ամերիկացի հարկատուներին, որոնք միայն անցյալ տարի Ուկրաինա են «մատակարարել» ավելի քան հարյուր միլիարդ դոլար, որն արդեն պատճառ է դարձել ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամի):

Մտածե՛ք այդ մասին….

Հիմա եթերում