Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մեր տանը կրակոցի ձայներ լսեցի, թուրքերն արդեն մտել էին քաղաք |Արցախյան բռնագաղթ. վկայություններ #35

12 Դեկտեմբերի 2023, 22:00

Արցախից բռնի տեղահանվելուց հետո Լիլիա Դանիելյանն ու ամուսինը դեռ աշխատանք չունեն: Նրանք աշխատանք են փնտրում, բայց առայժմ որոնումներն արդյունք չեն տվել: Լիլիան ու ամուսինը արդարադատության համակարգի աշխատողներ էին:

Մինչեւ հիմնական աշխատանք գտնելը, ստեփանակերտցի կինը որոշել է բնական չրեր պատրաստել, հրուշակագործությամբ զբաղվել ու ժենգյալով հաց թխել:

«Չրի ապարատը Արցախից հետս բերել էի, երեխաներս մի օր կորոլյոկի չիր ուզեցին, ես էլ մի քանի տեսակի մրգերից չիր սարքեցի: Դե որ աշխատանք չունեի, մտածեցի չրեր սարքել ու վաճառել: Դրանք առանց շաքարային հավելումների են, շատ համով է ստացվում, պատվիրատուներից էլ լավ կարծիքներ եմ լսել: Նաեւ խմորեղեն ու ժենգյալով հաց եմ թխում, խանութներին տալիս»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Լիլիան:

Լիլիան ամուսնու եւ երեք երեխաների հետ վարձով է ապրում Երեւանում: Այստեղ է նաեւ հասկի ցեղատեսակի իրենց շունը՝ Մոլին, առանց որի չէին կարող Արցախից գալ:

Լիլիան մեզ հետ զրույցում մանրամասներ է պատմում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած մեկօրյա պատերազմի, դրա հետեւանքով Արցախում ստեղծված քաոսի մասին:

«Պատերազմից հետո ամուսինս գնացել էր աշխատանքի, հետո եկավ ու ասաց, որ հինգ օր ժամանակ ունենք մեր իրերը հավաքելու համար: Նույն օրը ես տղայիս ասացի, որ իրերը սկսի հավաքել, իսկ ես որոշեցի հաց թխել, բայց շան չանցած կրակոցների ձայներ լսեցի, դուրս եկա բակ ու գոռգոռոցներ լսեցի, մարդիկ վազում էին ու ինձ էլ հորդորում, որ դուրս գանք մեր տնից, որովհտեւ ադրբեջանցիներն արդեն հասել էին գերեզմաններ ու ավտոմատներով կռիվ սկսել մեր զինծառայողների հետ: Ես ու տղաս հողաթափերով արագ դուրս եկանք տնից ու Մարտակերտից եկած մեր հարեւանների մեծ մեքենայով տեղափոխվեցինք ապահով վայր: Լացում էինք, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ չէինք վերցրել մեզ հետ, մեզ հետ չէր նաեւ մեր շունը: Մի քանի ժամ հետո վիճակը մի քիչ հանդարտվել էր ու ես  ամուսնուս հետ գնացի մեր տուն, անհրաժեշտ իրերը հավաքեցինք ու եկանք ամուսնուս ընկերոջ տուն, մի օր այդտեղ մնացինք ու սկսեցինք արդեն բենզին ման գալ, որ դուրս գանք քաղաքից»,- պատմում է Լիլիան:

Հենց այդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, տեղի ունեցավ Հայկազովի բենզինի պահեստի պայթյունը, որի ժամանակ անհետ կորել է նաեւ Լիլիայի ամուսնու հորեղբոր տղան:

«Այդ օրը անձրեւ էր գալիս, ուժեղ ամպրոպ էր, ես ուժգին ձայն լսեցի, որն ավելի շատ նման էր հենց պայթյունի ձայնի, բայց ամուսինս մտածեց, թե պատերազմից հետո ես դեռ ուշքի չեմ եկել: Քիչ անց ամուսնուս զանգեցին ու ասացին, որ բենզինի պահեստում պայթյուն է եղել: Ամուսինս հավաքվեց ու գնաց իր հորեղբոր որդու հետեւից, որը բենզինի համար գնացել էր էնտեղ: Շատ փնտրեցին նրան, բայց այդպես էլ չգտան, պետք է ԴՆԹ փորձաքննություն կատարվի»,- ասում է Լիլիան:

Լիլիայի ընտանիքն Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին՝ խուճապի ու անորոշության պայմաններում, դեմ՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու առաջարկին:

«Մենք սկզբից լսել էինք, որ միայն մի քանի հազար մարդու են թողնելու անցնել ճանապարհը, խուճապ էր տարածվել: Մեր հարեւաններն արդեն գնացել էին, մենք էլ մտածեցինք, որ թուրքերը կարող են կանգնեցնել էդ մարդկանց ու էլ թույլ չտալ, որ անցնեն ճանապարհը: Երեկոյան արդեն տեսանք, որ մեր Դաշուշենի խաչն ադրբեջանցիները հասնում են, դա ամսի 26-ի երեկոյան էր, այսինքն՝ իրենք արդեն քաղաք էին մտել, սեպտեմբերի 27-ի առավոտյան մենք շարժվեցինք ու սկսվեց դժոխքի ճանապարհը: Մարդիկ սոված-ծարավ ճանապարհ էին գալիս, ահավոր վիճակ էր, կային մարդիկ, որոնք նույնիսկ մեքենայի մեջ չէին դիմանում ու մահանում էին, նույնիսկ դեպք էր եղել, որ ճանապարհին տատիկ էր մահացել ու էդ վիճակով շարունակում էին ճանապարհը: Ծանր ապրումներով հասանք Հակարիի կամուրջ, ադրբեջանցիները նայում էին մեքենայի մեջ, հետո իրենց հեռախոսներին, կարծես ինչ-որ մեկին փնտրում էին: Մեր մեքենան կանգնեցրին, ստուգեցին բեռնախցիկը ու էդ պահին շունը մռմռաց, ադրբեջանցին վախից գլուխը հետ քաշեց ու ասաց՝  проходите, ու էդպես անցանք դժոխքի ճանապարհը»,- հիշում է Լիլիան:

Մանրամասները՝ տեսանյութում: