Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Քաղաքական դատարկությունը Փաշինյանին մղում է քաղաքական շոուների

09 Հունվարի 2024, 13:48

(Ի՞նչ է իրականում թաքնված Փաշինյանի մարզային կախիչներով շոուների հետևում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Նոր տարին Հայաստանում սկսվեց շատ բուռն. իշխանությունների կողմից ոգեշնչված «բողոքի ցույցեր» եղան Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնելու բացահայտ փորձեր, քաղաքական հարձակումներ Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների վրա և, իհարկե, Նիկոլ Փաշինյանի բեմադրած քաղաքական շոուները՝ «Ցարը լավն է, իշխանները՝ վատը» («Царь – хороший, бояре – плохие») հայտնի արտահայտության լավագույն ավանդույթներով:

Նիկոլ Փաշինյանը տարին սկսել է Հայաստանի մարզեր (Լոռի և Արմավիր) այցելություններով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ստուգել է ուսումնական հաստատություններում վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև աղբամանների որակը։ Փաշինյանի այցերի արդյունքում իրենց պաշտոններից արդեն զրկվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Բանն այն է, որ Փաշինյանը դժգոհ է մնացել կատարված վերանորոգման աշխատանքների որակից, մասնավորապես, նրան շատ դուր չեն եկել շրջանային ուսումնական հաստատություններում կախիչներն ու լոգախցիկները։

Միաժամանակ նկատենք, որ այսօր Հայաստանում կան մի շարք մարմիններ, որոնք պետք է վերահսկեին այդ վերանորոգման աշխատանքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեից և Քաղաքաշինության կոմիտեից մինչև Վերահսկիչ պալատ և Պետական վերահսկողական ծառայություն։ Բացի այդ, յուրաքանչյուր մարզպետարան ունի նաև իր վերահսկողական ծառայությունը, ավելին՝ յուրաքանչյուր նախարարությունում (իսկ այս դեպքում վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԳՄՍ-ն) կան նաև ներքին վերահսկողության կառույցներ։
Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը «ռուչնոյ ռեժիմով» պետք է շրջի շրջաններով և վերանորոգումներ ընդունի դպրոցներում և այլ հաստատություններում, ապա դա խոսում է միայն այն մասին, որ որպես պետության ղեկավար նա ձախողել է իշխանության արդյունավետ ուղղահայացի կառուցումը, որը կարող է ծրագիրն իրականացնել պլանավորման փուլից մինչև պատշաճ որակով շահագործման հանձնելը։

Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ թե, օրինակ, բարձր տեխնոլոգիական արտադրության՝ անօդաչու թռչող սարքերի համալիրի արտադրության, այլ պարզունակ շինարարության մասին է։ Հաշվի առնելով պետական կառույցների նման արդյունավետությունը, պարզ է, որ ի սկզբանե 2020 թվականին, մենք չէինք կարող հույս դնել պատերազմի այլ արդյունքի վրա․․․
Եվ սա շատ կարևոր արձանագրում է այն ազդանշանների ֆոնին, որոնք հնչեցին Անկարայից և Բաքվից 2024 թվականի առաջին օրերին։

Սկզբում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի տարբերակին՝ Կալինինգրադ տանող ճանապարհի օրինակով՝ դրանով իսկ կրկնելով Իլհամ Ալիևի կողմից 2023-ի տարեվերջին հնչեցրած պահանջը, որ ՀՀ-ն պետք է իր միջոցներով կառուցի միջանցք դեպի Նախիջևան։ Ընդ որում՝ միջանցք, որտեղ չպետք է լինեն ոչ մի մաքսային զննում Ադրբեջանից բեռների և ուղևորների համար։
Սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանի ստեղծած առասպելը, թե «Ղարաբաղը հանձնելով՝ մենք կբացենք սահմանները մեր հարևանների հետ, և թուրքական ու ադրբեջանական դոլարները կհոսեն մեր տնտեսություն», ոչնչացվել է, իսկ Բաքուն և Անկարան մտադիր չեն վճարել Հայաստանին:

Իսկ ավելի ուշ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի, իսկ 2028 թվականին դրա շուրջ բոլոր աշխատանքները կավարտվեն։ Նկատենք՝ 2028-ին, որը ևս մեկ անգամ հաստատում է Փաշինյանի այն թեզը, թե «հանձնելով Արցախը, մենք շուտով կտեսնենք, թե ինչպես են բացվելու սահմանները և մեզ սպասում է «թռիչքաձև տնտեսական աճ», ինչը խոստացվել էր դեռ 2018-ին, հերթական դատարկ մանիպուլյացիան էր:
Մինչ Փաշինյանը շահարկում է «խեղճ մարդու» կերպարը, որին սկզբում «Ղարաբաղը գրպանը գցեցին», իսկ այժմ նաև անորակ վերանորոգումները, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համակարգված շարժվել դեպի իրենց նպատակը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացումը (Փաշինյանից արդեն ստացել են հայկական Արցախը)՝ դրա դիմաց ոչինչ չտալով:

Եթե նույնիսկ մի վայրկյան համաձայնենք «Փաշինյանը խեղճ մարդ է» թեզի հետ, ով նույնիսկ պետք է վերահսկի մարզերի դպրոցների վերանորոգման որակը, ապա երկու տրամաբանական հարց է առաջանում.
1. Հայաստանին ներկա վիճակում (և ցանկացած այլ պահի) իսկապես պետք է պետության ղեկին կանգնած «խեղճ մարդ»:
2. Իսկ եթե Բաքուն և Անկարան մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանները մինչև 2028 թվականը, այսինքն ՝ 4 տարով հետաձգում են «Փաշինյանի խոստացած տնտեսական բումը», որի համար նա հանձնեց Արցախը, ապա պետք է հասկանալ, թե էլ ի՞նչ է պատրաստվում Փաշինյանը հանձնել Թուրքիային և Ադրբեջանին մինչև 2028 թվականը խոստումների դիմաց, որոնք երբեք չեն իրականացվի։
Մտածեք այս ամենի մասին…