Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Մոսկվան Արցախում հայերի՞ն է սպասում

26 Հունվարի 2024, 13:58

 

(Ի՞նչ էր ուզում ասել Սերգեյ Լավրովը հայ ժողովրդին)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շարունակում է տորպեդահարել Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգն ու ծրագրերը։ Նախ՝ Լավրովը 2023 թվականի արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ միանշանակ մատնանշեց Արցախը Ադրբեջանին հանձնած անձի անունը՝ նշելով այս արարքի իրագործման տեղը և ժամը՝ Նիկոլ Փաշինյան, Պրահա, 6-ը հոկտեմբերի, 2022թ.:

Հիմա հերթը հասել է զրոյացնելու Հայաստանի իշխանությունների պլանները՝ ուղղված մեր տարածաշրջանից ռուսական ռազմական գործոնին դուրս մղելուն։ Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Արցախում ռուս խաղաղապահների մասին, ընդգծել էր, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այլ Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։

«Մենք իրականում այնտեղ խաղաղապահներ ունենք [ԼՂՀ-ում՝ հեղ.] նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- շարունակել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են այս թեման, նրանք համաձայնել են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման համար և նպաստել Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք ցանկանում են դա անել»,- եզրափակել է Լավրովը:

Այսինքն՝ Լավրովը հայտարարել է, որ.
1. Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին Արցախից:
2. Ռուսաստանի Դաշնությունն իր արտաքին քաղաքական օրակարգում ունի Արցախ հայերի վերադարձի հարցը։

Եթե Հայաստանի իշխանությունները չօգտվեն այս հնարավորությունից և չապահովեն ԼՂՀ-ից բռնագաղթած հայերի գոնե մի մասի վերադարձը Արցախ, ապա Արցախի ղեկավարությունը և Արցախի ժողովուրդը պետք է հստակ ձևակերպեն քաղաքական ուղերձ, որ հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ցանկանում հայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք: Անձամբ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի հայկական Արցախը կրկնի հայկական Նախիջևանի ճակատագիրը: Այսինքն՝ մնալով առանց հայ բնակչության՝ կորցրեց նաև իր հայկական դիմագիծը։

Վերադառնալով Լավրովի վերջին ասուլիսին, որի ընթացքում նա, մեկնաբանելով հայ-ադրբեջանական գործընթացը, հիշեց Մոլդովայի և Մերձդնեստրի օրինակը, երբ Քիշնևն ու Տիրասպոլը մոտ էին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ պատմական փաստաթուղթ կնքելուն, բայց Արևմուտքի ուղղակի միջամտությունը գործընթացին դադարեցրեց այն (քանի որ կոլեկտիվ Արևմուտքի և հատկապես ԵՄ-ի շահերը չարտացոլվեցին այս համաձայնագրում)։

Սերգեյ Լավրովի այս օրինակը հենց այնպես չի հնչել։ Նա ցույց տվեց այն, որ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է Արևմուտքի ծրագրերը Երևանի և Բաքվի հարաբերությունների հետ կապված, այլ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է նույն կերպ վարվել Արևմուտքի հետ, այսինքն՝ ապահովել գործընթաց, որի ժամանակ հաշվի չեն առնի Մոսկվայի շահերը, ապա դա ավարտին չի հասցվի: Հայկական Արցախի էջի իսպառ մոռացությունը և խաղաղապահների դուրսբերումն Արցախից չեն համապատասխանում Մոսկվայի շահերին, և Մոսկվան ամեն ինչ անում է այդ հարցը իր օգտին լուծելու համար։ Սա իրական աշխարհաքաղաքականությունն է իր «մաքուր տեսքով»: Իսկ եթե ՀՀ իշխանությունները սա չեն հասկանում, ուրեմն սա իրենց խնդիրն է…

Կարևոր է նաև, որ Իրանից հիմա մենք նույնպես լսում ենք Ռուսաստանի Դաշնությունից հնչած հայտարարությունների բովանդակութանը համապատասխանող հայտարարություններ՝ Արցախի վերջնական մոռացությունը Թեհրանի շահերից չի բխում։ Տեսնենք, թե Փաշինյանն ու իր արևմտյան գործընկերներն ու ընկերներն ինչպես կլուծեն այս հարցերը, որովհետև Արցախի հայերի բռնագաղթից հետո իրենք այնքան էին ուրախացել, որ նույնիսկ խոսեցին այն մասին, թե որ տարածքից (Հայաստան, թե Ադրբեջան) ռուս խաղաղապահները պետք է հեռանան տարածաշրջանից…
Խոսելով տարածաշրջանի մասին. հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Փաշինյանը պնդում, որ «մի օր արթնանալով՝ մենք կարող ենք տեսնել, որ Ռուսաստանի Դաշնությունը լքել է Հարավային Կովկասը»: 2023 թվականի վերջին Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել Աբխազիայի Սև ծովի ափին մշտական ռազմածովային բազա ստեղծելու մասին։ Հիշենք, որ Աբխազիան նույնպես Հարավային Կովկաս է։ Այսինքն՝ Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում Հարավային Կովկասից, այլև իր հնարավորությունների չափով մեծացնում է իր ներկայությունը և ուժեղացնում իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ազդեցությունը…

Մտածե՛ք այս ամենի մասին….