Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Որքա՞ն ժամանակ դեռ բաց կլինի Ռուսաստանի հետ «երկխոսության պատուհանը»

05 Մարտի 2024, 12:53

(Սերգեյ Լավրովն ավելի շատ խոսել է հայ ժողովրդի, քան իշխանությունների հետ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Որոշակի ժամանակահատվածից Ռուսաստանի իշխանություններն ակնհայտորեն դադարեցրել են երկխոսությունը Հայաստանի իշխանության հետ, որը սկզբում կար 2018-ի իրադարձություններից հետո։ Կար մի ժամանակաշրջան, երբ Ռուսաստանի ղեկավարությունը ՝ ի դեմս ՌԴ նախագահի, գրեթե ուղղակիորեն դիմում էր Արցախի ժողովրդին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, ուղիղ հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությանը առաջարկվող «ղարաբաղյան խնդրի կարգավորման» վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչում ։
Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ինքը ոչինչ չի պատրաստվում պարտադրել, իսկ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ղեկավարությունը և հայ ժողովուրդը։
Ընդ որում, Պուտինն այդ հայտարարությունն արեց արդեն 2022 թվականի հոկտեմբերի վերջին, արդեն այն բանից հետո, երբ Փաշինյանն Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի «քաղաքական քավորությամբ» ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։

Դրանով ՌԴ նախագահը ուղերձ է հղել հայ քաղաքական դասին, Արցախի ղեկավարությանը, իսկ ամենակարևորը՝ Արցախի և Հայաստանի ժողովրդին, որ չնայած «Պրահյան դավադրությանը», ՌԴ-ում պոտենցիալ հնարավորություններ են տեսնում առնվազն ստատուս քվոն պահպանելու, այլ կերպ ասած՝ Արցախի հարցը ապագա սերունդներին թողնելու համար: Հենց սա էր «Իգոր Խովաևի ծրագրի» հիմքը՝ որպես Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց։

Սակայն Ռուսաստանի առաջնորդի խոսքերը պատշաճ արձագանք չեն գտել առաջին հերթին Արցախի ղեկավարության մոտ, և Պուտինի հայտարարություններից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած խոշոր հանրահավաքից սկսելով ՝ Արայիկ Հարությունյանն ավարտել է իր քաղաքական կարիերան, ըստ երևույթին, մարդկության պատմության մեջ առաջին անգամ նախագահի կողմից անցկացված բողոքի ակցիայով, որտեղ նա քաղաքական պայքարի փոխարեն պարզապես նստել է Արցախի Վերածննդի հրապարակում և դա անվանել «ծայրահեղ միջոց»։

Անկեղծ լինենք, Պուտինի խոսքերն արձագանք չգտան և՛ հայ ժողովրդի, և՛ «Հայաստանի քաղաքական վերնախավի» մոտ, շատերը, նույնիսկ Արցախի տոտալ շրջափակումից հետո, որը սկսվեց Հակարիի կամրջի միջադեպով, տաք դահլիճներում և ստուդիաներում խոսում էին այն մասին, թե «իսկապե՞ս Փաշինյանը հանձնել է Արցախը 2022 թվականին Պրահայում, իսկ հնարավո՞ր է Արցախի համար օդային միջանցք կամ այլընտրանքային ճանապարհ բացել»։ Այլ կերպ ասած՝ լավագույն դեպքում փորձում էին քաղաքական խնդրի համար տեխնիկական լուծում գտնել։
Եվ ահա Արցախը կորսված է։ Կորել է հայ ժողովրդի ու նրա «քաղաքական ու տնտեսական վերնախավի» աղմկոտ անգործության ու լռության ներքո։ Բայց ՌԴ իշխանությունները կրկին դիմում են ժողովրդին, այս անգամ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Անթալիայում դիվանագիտական համաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, Լավրովը նախ վերջնագիր ներկայացրեց ՀՀ իշխանություններին՝ նրանցից հստակություն պահանջելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, և այդ համատեքստում խոսեց նաև ԵԱՏՄ-ի մասին՝ ըստ էության բաց տեքստով ասելով, որ Մոսկվան հասկանում է, թե ինչ պատճառներով է պաշտոնական Երևանը մինչև այս պահը դեռևս չի տորպեդահարում ԵԱՏՄ-ն։

Սակայն Լավրովի խոսքերում կարևոր էր նաև այն, որ նա դիմեց հայ ժողովրդին՝ նշելով, որ եթե ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ «ռազմավարական սխալ էր 1991 թվականից սկսած ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների կառուցումը, և որ եթե դա արվում է ժողովրդի կարծիքի հիման վրա, ապա դա իր հերթին «անհրաժեշտ է դարձնում շատ բան վերանայել ռուս-հայկական հարաբերություններում»։

Մենք հասել ենք շատ վտանգավոր կետի, այսպիսի իրավիճակ չի եղել 1990-ականներից ի վեր։ Ավելին, «հայ-ռուսական հարաբերություններում շատ բաներ վերանայելու անհրաժեշտության» մասին խոսքերը և երկու երկրների հարաբերությունների համատեքստում ԵԱՏՄ թեման շոշափելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունների գործողությունները մեզ հասցրել են մի կետի, որից անդին սրացումները կարող են ազդել Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ապրող հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր հայերի կյանքի վրա։ Դա կազդի նաև տնտեսական խավի վրա, որը ձևացնում է, թե կապ չունի երկրում կատարվողի հետ, երբեմն էլ ուղղակիորեն օգնում է իշխանություններին հասնել իրենց նպատակներին։

Դժվար է միանշանակ ասել, թե ուր կհասնի հայ-ռուսական հարաբերությունների տոտալ ճգնաժամի նոր փուլը, սակայն ակնհայտ է մի պարզ ճշմարտություն. այդ սրացման գլխավոր շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են: Նրանք արդեն ստացել են Ղարաբաղը այս արհեստական խնդրի պատճառով …

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում