Պուտինի կրկնակի հաղթանակը՝ Ստամբուլում և Երևանո՞ւմ
16 Մայիսի 2025, 12:00
(Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական գործիչները մեկ քայլից այն կողմ չեն տեսնում)
«Այսօր աշխարհի բազմաթիվ ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված է Ստամբուլին, որտեղ կարող են կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին բանակցությունները վերջին երեք տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին Կիևը, ոգևորված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոստումներով, հրաժարվեց բանակցություններից Ռուսաստանի հետ՝ ընդունելով «մինչև վերջ պատերազմելու» տարբերակը։
Ավելին, 2022, 2023 և 2024 թվականներին Ուկրաինայի ամբողջ ղեկավարությունը, ներառյալ՝ Վլադիմիր Զելենսկին, հայտարարում էր, որ «իրենց համար ոչ մի թեմա չկա Մոսկվայի հետ քննարկելու, բացի Ռուսաստանի կապիտուլյացիայից և Ուկրաինայի վերադարձից 1991 թվականի սահմաններին»։ Սակայն իրավիճակը «գետնի վրա» (թեև դանդաղ, բայց անդադար առաջխաղացումը Ռուսաստանի զինված ուժերի կողմից ողջ ճակատով), ինչպես նաև նախագահական վարչակազմի փոփոխությունը ԱՄՆ-ում (հիշեցնենք, որ հենց Վաշինգտոնն է եղել և մնում Կիևի հիմնական ռազմական հովանավորը) ստիպում են Ուկրաինային ընդունել անխուսափելին, և շուտով Մոսկվայի ու Կիևի միջև կարող են սկսվել ուղղակի բանակցություններ հակամարտության ավարտի մասին։ Դրանց հիմքը պետք է հանդիսանան 2022 թվականին հենց Ստամբուլում մշակված առաջարկները։
Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա հավատալով Արևմուտքի խոստումներին՝ Կիևը 2022 թվականին փախավ բանակցություններից։ Ավելին, երեք տարի շարունակ պաշտոնական Կիևը հիմնականում հրաժարվում էր բանակցել որևէ հարցի շուրջ, բացի Ռուսաստանի ստորացուցիչ կապիտուլյացիայից։ Իսկ ներկայիս Ստամբուլի բանակցությունների համար (նույնիսկ ուկրաինական պատվիրակության Թուրքիա ժամանման համար) Ուկրաինան ներկայացրել էր պայման (ուլտիմատում, որը աջակցվել էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի կողմից)՝ 30-օրյա զինադադար։ Սակայն այժմ փաստացի Ստամբուլում կարող են սկսվել բանակցություններ՝ առանց Ուկրաինայի պահանջների կատարման։
Պուտինի հաղթանակի մասին Ստամբուլում արդեն ասվել է, և ժամանակն է խոսել «Նոր Նորքի համար մարտերի» մասին։ Հիշեցնենք, որ երբ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և փաշինյանական քարոզչությունը այս իրադարձությանը տվեց աշխարհաքաղաքական երանգ՝ հայտարարելով, որ Տեր-Մարգարյանի դեմ տեղի է ունեցել սադրանք, որը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից։ Եվ եթե հիմա թաղապետը հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա կնշանակի, որ Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը դարձել են սեփական քարոզչության զոհերը՝ «չհայտնվելով Նոր Նորքի մարտերի դաշտում», ինչպես և Ուկրաինայի հարցով Ստամբուլում՝ Պուտինը հաղթեց։
Սա ոչ թե էպոտաժ է, այլ հայաստանյան իրականություն։ Այս իրավիճակը վառ վկայությունն է այն բանի, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվում են բազմաթիվ մարդիկ, որոնք հանդիսանում են «մեկ քայլանի շախմատի կոմբինացիաների գրոսամայստերներ» և չեն կարող հաշվարկել իրենց իսկ խոսքերի և քայլերի հետևանքները։
Մտածե՛ք այդ մասին․․․»։