Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ստեփանակերտն Ադրբեջանի ափի մեջ էր, մտածում էինք, որ ուր որ է՝ թշնամին կմտնի տուն. Կարինե Իշխանյանի բռնագաղթի պատմությունը

24 Նոյեմբերի 2023, 22:00

Արցախից բռնի տեղահանված Կարինե Իշխանյանը մեղավոր է զգում հայրենիքը լքելու համար, բայց բացատրում է՝ այդ քայլին է դիմել հարկադրված, խուճապի եւ անորոշության պայմաններում:

«Խուճապ էր սկսվել: Մարդիկ երեխաներին առած, գնում էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ օդանավակայան: Մարդիկ երեւի մինչեւ վերջ էլ չհասկացան, թե ինչու են տեղահանվում: Շատերը մեզ հարցնում են՝ ո՞վ է ասել, որ պետք է դուրս գաք Արցախից, մեզ մեղադրում են: Այո, ես ընդունում եմ, որ լքել եմ հայրենիքը, բայց բոլորս ենք դրա համար մեղավոր, այլ հարց է, թե ով ինչքանով է մեղավոր: Լքել ենք, որովհետեւ թուրքն արդեն մտնում էր տուն: Իսկ մենք գիտենք, թե նրանք ինչի են ունակ: Մեզ ասում են՝ Խորհրդային Միության ժամանակ միասին էիք ապրում, այո, միասին էինք ապրում, բայց մենք էդ տարիներին էլ վախենում էինք: Կամ ես դպրոցում Հայոց պատմություն չեմ անցել, այլ Ադրբեջանինն եմ անցել, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Կարինե Իշխանյանը:

Տիկին Կարինեն Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, աշխատում էր Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Ադրբեջանի հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, նա դասի էր: Հրթիռակոծության ձայները լսելուն պես պատսպարվել են, մի քանի ժամ անց տիկին Կարինեն տուն է գնացել՝ ամուսնու եւ սկեսրայրի մոտ: Նա մեկ օր լուր չի ունեցել զինվորական որդուց, միայն հրադադարից հետո է կարճ ժամանակով տեսել նրան, ով կորցրել էր մարտական ընկերներին:

Կարինե Իշխանյանը հիշում է՝ հրադադարից հետո էլ արցախցիները չէին շտապում դուրս գալ նկուղներից ու ապաստարաններից, կրակոցները մերթ ընդ մերթ շարունակվում էին:

«Ստեփանակերտն Ադրբեջանի ափի մեջ էր: Մտածում էինք, որ ուր որ է՝ թշնամին կմտնի տուն: Շատ բաներ են եղել գյուղերում, բայց նոր ենք լսում դրանց մասին: Մարդիկ ոտաբոբիկ, կիսամերկ փախել էին քաղաք, գնացել օդանավակայան, խուճապը հենց էդպես էլ առաջացել էր, ինչից էլ սկսվեց բռնագաղթը»,- պատմում է տիկին Կարինեն:

Նրա ընտանիքը Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին: Անորոշության մեջ արագ հավաքել են անհրաժեշտ իրերը: Տիկին Կարինեն անկեղծանում է՝ կարծում էր, թե ժամանակավոր են դուրս գալիս իրենց տնից, դրա համար էլ շատ բան իր հետ չի վերցրել: Կարեւոր ու «թանկ» շատ բան է թողել Արցախում, որոնք արդեն հիշողությունների են վերածվել:

«Ես վերջինը դուրս եկա տնից, որ հարազատներս չտեսնեն էդ պահը: Համբուրեցի միջանցքի պատից կախված խաչը ու Աստծուն խնդրեցի վերադառնալ Արցախ»,- հիշում է տիկին Կարինեն:

Արցախ վերադառնալու հույսը չի մարել ստեփանակերտցի կնոջ մեջ:

«Եթե որոշվեց, որ պետք է հետ գնանք, ես չեմ պատկերացնում, որ չգնանք: Բայց մշուշոտ է նաեւ, թե ինչպես պետք է վերադառնալուց հետո ապրենք, հատկապես երիտասարդները, երեխաները: Արցախը պետք է հայկական լինի, որ մենք այնտեղ ապրենք»,- ասում է տիկին Կարինեն:

Հայաստան հասնելուն պես արցախցի կնոջ ընտանիքը տեղավորվել է Երեւանում բնակվող հարազատների տանը: Այստեղ մնացել են մեկուկես ամիս, ինչից հետո տեղափոխվել են վարձով բնակարան: 29 տարվա ստաժ ունեցող տիկին Կարինեն Երեւանում դեռ մշտական աշխատանք չունի: Նա դպրոցներ է դիմել, բայց թափուր աշխատատեղ չի եղել: Ցանկացողներին Կարինե Իշխանյանը կդասավանդի նաեւ տանը, ինչի փորձն ուներ Արցախում: Ընտանիքի մյուս անդամներն էլ աշխատանք չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: