Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Տեղեկություններ տարածվեցին, թե ճանապարհը 2 օր է բաց մնալու | Արցախյան բռնագաղթ. վկայություններ #38

20 Դեկտեմբերի 2023, 22:00

Արցախից դուրս գալու որոշումը դժվար էր, բայց ստեղծված իրավիճակում ըստ ստեփանակերտցի Դմիտրի Բեցկովի՝ այլընտրանք չկար:

«Կարող է մի քիչ սխալվել ենք, որ շուտ ենք դուրս եկել, բայց Ստեփանակերտում, եթե շատ մարդ մնար, դժվար կլիներ: Խնդիրներ կառաջանային, բացի այդ, եթե մենք մնայինք այնտեղ, պետք է Ադրբեջանից սնունդ ընդունեինք, որովհետեւ դժվար, թե իրենք թողնեին, որ Հայաստանից ապրանք գար: Էդ պարագայում ավելի լավ է դուրս գայինք, դժվար էր, բայց երեւի ամենաճիշտ որոշումներից էր»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Դմիտրին:

Դմիտրին կնոջ եւ երկու զավակների հետ Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 29-ին: Այդ ժամանակ Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափված էր: Շատ քիչ մարդ կար այնտեղ: Դմիտրին աշխատում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում: Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում Կարմիր խաչի արցախյան գրասենյակը մեծ աշխատանք է կատարել, իսկ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին հաջորդած օրերն ամենածանր էին Դմիտրիի եւ նրա գործընկերների համար:

«Մենք սկզբում վիրավորներին էինք տարհանում: 2020թ-ի պատերազմի ժամանակ մենք նման հարցերին չէինք խառնվում, ճանապարհները բաց էին, իսկ հիմա՝ ոչ: Դժվարությամբ էինք պայմանավորվում, որ վիրավորներին տարհանենք, Հայաստանից եկած շտապօգնության մեքենաներում բժշկական անձնակազմը ոտքի վրա էր հասնում Գորիս, որովհետեւ վիրավորներին էինք տեղավորում նրանց տեղը: Ավելի դժվար պահեր էլ են եղել, երբ դիակներ էինք տարհանում, իսկ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայկազովի տարածքի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունը ու մենք ռուս խաղաղապահների հետ սկսեցինք տարհանել տուժած մարդկանց: Հետո արդեն սկսեցինք Ստեփանակերտում մնացած մարդկանց կարիքները հոգալ, որովհետեւ քաղաքում ուտելիքի եւ նույնսիկ խմելու ջրի խնդիր կար»,- հիշում է Դմիտրին:

Նրա խոսքով՝ հրադադարից հետո Ստեփանակերտում ապոկալիպտիկ վիճակ էր: Չի ուզում երբեմնի ամենամաքուր մայրաքաղաքը հիշել այդքան կեղտոտ ու անօգնական վիճակում: Դմիտրին պատմում է նաեւ, որ հրադադարից հետո մարդիկ շատ վախեցած էին:

«Ինչ-որ տեղեկություններ էին տարածվել, թե ճանապարհը երկու օր է բաց մնալու եւ ով դուրս չգա այդ ընթացքում, հնարավորություն չի ունենալու Հայաստան գնալ: Էդ լուրերը լսելով մարդիկ բռնագաղթեցին»,- հիշում է Դմիտրին:
Սեպտեմբերի 28-ին, երբ իրենց տան մոտակայքում գտնվող զինվորական կառույց էին մտել ադրբեջանցիները, Դմիտրին ընտանիքի անդամներին հանեց տնից, ապահով վայր տարավ, բայց մեկ օր անց իրենք էլ ստիպված եղան Արցախից դուրս գալ:

«Ադրբեջանցիները քաղաքացիական մեքենաներին բաց էին թողնում, բայց ինձ ճանաչում էին, քանի որ ես Կարմիր խաչի աշխատակից էի: Հարցրեցին, թե ինչո՞ւ ենք հեռանում, ասացին՝ մի գնացեք, լավ է լինելու, ես էլ պատասխանեցի՝ մի ստեք, լավ չի լինելու, այս իրավիճակում պետք է տեղահանվենք: Իրենց հրահանգված էր լավ վերաբերվել հայերին, ջուր, քաղցրավենիք հյուրասիրել: Տեսնելով, որ մեքենայիս մեջ երեխաներ կան, քաղցրավենիք էին դրել մեքենայում, իրենց պոստը անցնելուց հետո կինս շպրտեց ձորը»,- հիշում է Դմիտրին:

Մանրամասները՝ տեսանյութում: