Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Խուճապն ավելի տարածվեց, երբ լսեցինք, որ 40 000 հոգուց բացի թույլ չեն տալու անցնել Հակարիի կամուրջը. Ալլա Հայրապետյան

27 Նոյեմբերի 2023, 22:30

Արցախից բռնի տեղահնավելուց երկու ամիս անց էլ 25-ամյա Ալլայի ականջներում հրթիռակոծության ձայներն են, որոնք մեկ օր շարունակ չեն դադարել նույնիսկ մի քանի րոպեով:

«Պայթյունի ձայները շատ մոտիկից էին լսվում: Մեր պաշտպանական համակարգերը, որոնք հակազդում էին թշնամու զինտեխնիկային, քաղաքի տարբեր հատվածներում էր տեղադրված: Պատերազմի ու դրան հաջորդած օրերը աննկարագրելի դաժան էր: Խելագարվելու տեսարաններ էին»,- Alpha News-ի հետ զրույցում հիշում է Ալլա Հայրապետյանը:

Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի հարձակման ժամանակ, Ալլան գեղեցկության սրահում էր՝ Ստեփանակերտի Ցորի զորամասի մոտակայքում, որտեղից հրթիռակոծության ձայներն ավելի հուժկու էին: Ալլան, սակայն, որոշել էր տուն գնալ, լինել երկուամյա որդու մոտ:

«Ճանապարհին 7 տարեկան մի աղջկա տեսա, վազելու ընթացքում կոշիկը պոկվել էր,  ասֆալտին նստած փորձում էր կպցնել, որ տուն գնա: Ես գրկեցի իրեն ու միասին գնացինք մեր տուն, որտեղից ինքը կկարողանար կապվել ծնողների հետ ու ապահով կլիներ: Հասա մեր շենք ու քիչ էր մնում ուշագնաց լինեի, տղաս վախից փաթաթվել մի աղջկա, քանի որ շատ էր վախեցել: Պատսպարվել էինք նկուղներում, իսկ մի պահ ես ու ամուսինս որոշեցինք տուն բարձրանալ, որ տաք հագուստ վերցնենք երեխայի համար, ու հենց էդ ժամանակ մեր շենքին հարակից շինությանը հարվածեցին, ամուսինս ու ես մի կողմ շպրտվեցինք, ծուխ էր միայն երեւում, լսվում էր մարդկանց լացի ձայնը, վիրավորներ կային, որոնք մի քանի ժամ մնացին էդտեղ, քանի որ թիրախավորվել էին նաեւ շտապօգնության մեքենաները»,- պատմում է Ալլան:

Անգամ հրադադարից հետո Ալլայի խոսքով՝ ադրբեջանական զինուժը շարունակում էր կրակել:

«Հրադադար էր հայտարարված, բայց քաղաքի մատույցներից լսվում էր նրանց կրակոցների ձայները: Թշնամին արդեն հասել էր Դաշուշեն գյուղի խաչի մոտ, էնտեղից նկարներ էին հրապարակում, ուղիղ եթեր մտնում: Խուճապն ավելի էր տարածվում: Խոսակցություններ կային նաեւ, որ չի թույլատրվելու 40 000 հոգուց ավելի մարդկանց հատել Հակարիի կամուրջը»,- պատմում է Ալլան:

Հենց այդպիսի խոսակցությունների եւ դրա հետեւանքով առաջացած խուճապի պատճառով է՝ Ալլայի ընտանիքը հարկադրված եղել Արցախից դուրս գալ:

Ալլան այն հարյուրավոր արցախցիներից մեկն է, որը հրաշքով է փրկվել Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից: Երկար հերթի մեջ սպասելուց հետո Ալլան ու իր նման շատ արցախցիներ ձեռնունայն հետ են դարձել:

«Մեզ թվում էր՝ երկու օր կտեւի, մինչեւ հերթը մեզ հասնի»,- նշում է Ալլան:

Րոպեներ անց լսվել է պայթյունի ձայնը:

«Մենք հիվանդանոցի մոտ էինք, մարդիկ այրված վիճակում օգնություն էին աղերսում, խնդրում էին, որ շենքերից իրենց վրա ջուր լցնեն»,- հիշում է Ալլան:

Բռնագաղթի ճանապարհը տեւել է շուրջ 50 ժամ: Ալլան պատմում է, որ ադրբեջանցիներն ագրեսիվ էին, գոռում, հայհոյում, սպառնում էին իրենց: Ոմանքն էլ Ալլայի խոսքով՝ սիրալիր էին խոսում, համոզում, որ Արցախում մնան ու իրենց հետ ապրեն: Անգամ ջուր, հաց, քաղցրավենիք են առաջարկել ու այնպիսի վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ստիպված են եղել օգտվել դրանցից:

«Կամեռա կար իրենց մոտ, նկարում էին էդ ամեն ինչը, որ հետո տարածեն ու ցույց տան աշխարհով մեկ, թե ինչ բարի մարդիկ են իրենք»,- ասում է Ալլան:

Սեպտեմբերի 27-ին արդեն Ալլան ու նրա ընտանիքը Հայաստանում էր: Արցախից բռնի տեղահանվելուց հետո նրանք հաստատվել են Երեւանում: 4 հոգանոց ընտանիքն ապրում է Նոր Նորք վարչական շրջանում: Ալլայի ամուսինը՝ Վահագնը, աշխատանքի է անցել ծխախոտի գործարանում, սկեսրայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, հաշմանդամ, չի աշխատում: Ալլան էլ առայժմ աշխատանք չունի:

«Գորիսում հաշվառվելուց հետո մեզ անվճար կացարան առաջարկեցին Հրազդանում, բայց մենք չցանկացանք, որովհետեւ տղաս հիվանդ էր, պետք է հիվանդանոց բերեինք: Այստեղ «Ուիգմոր» հիվանդանոցում բուժվեց, մի քանի օր անց էլ ատամները վիրահատեցին: Հիմա իրեն լավ է զգում, ուղղակի դեռ չի հարմարվել, անկեղծ ասած՝ մենք էլ դեռ չենք համակերպվել նոր կյանքին: Այս տունը մեզ տվել են մինչեւ մարտի 1-ը, գարնանը պետք է նոր տուն վարձենք ամուսնուս գործի վայրին մոտ, որ ես էլ կարողանամ աշխատել, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի: Մեծ հույսեր ունենք, որ գուցե ինչ-որ փոփոխություններ լինեն ու մենք վերադառնանք Արցախ, բայց այն պայմանով, որ այնտեղ թուրք չլինի»,-  հավելում է Ալլան:

Մանրամասները՝ տեսանյութում: