Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Զարմանալի խոստովանություն» Ֆրանսիայի պաշտպանության նախարարից

02 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեզ բաժանեցին… 2018 թվականից Հայաստանում և Արցախում ամեն ինչ զարգացել է խոստումներին հակառակ։ Խոստացան «սեր և հանդուրժողականություն», բայց տվեցին ատելություն և ողբերգություն, խոստացան «Արցախի վերաբերյալ որոշումներ չընդունել ժողովրդի թիկունքում», բայց ժողովրդի թիկունքում փակուղի տարան բանակցային գործընթացը։ Հայտարարեցին, որ «Արցախը Հայաստան է», բայց Արցախը Ադրբեջանին տվեցին, «բարգավաճում» էին խոստանում, բայց բոլորին «սևի ու սպիտակի» բաժանելով՝ 5 տարի շարունակ, անձնական կապիտալ էին կուտակում մի ամբողջ ժողովրդի ողբերգության հաշվին:
Եվ, եթե որևէ մեկը մտածում էր, որ սեպտեմբերի 28-ի ողբերգությունից հետո, երբ հայտարարվեց, որ նոր տարուց Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, երկրում ինչ-որ բան կփոխվի, և իշխանությունները կհասկանան սպառնալիքի իրական աստիճանը, ապա այս մարդիկ չարաչար սխալվում էին: Դրա մասին ակնհայտորեն վկայում է այն քարոզչությունը, որը «հոսում» է բոլոր հնարավոր աղբյուրներից։

Իշխանական քարոզչությունը փորձում է մի քանի նարատիվ տարածել. փորձում են Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա ներկայացնել որպես «Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու Ռուսաստանի փորձ», ինչպես նաև նշում են, որ «Սամվել Շահրամանյանի հրամանագիրը Արցախի Հանրապետության լուծարման մասին» բաց դուռ է Հայաստանի եվրատլանտյան ինտեգրման համար, որի սկզբնական փուլը կարող է դառնալ «արևմտյան բլոկի ներկայացուցիչներից մեկի փոքրաթով զորքերի տեղակայումը Հայաստանում»»։
Ավելին, այս թեզերի բոլոր հակառակորդները կոչվում են «Կրեմլի գործակալներ», և ցանկացած հակափաստարկ նրանք փորձում են պիտակավորել՝ որպես «Կրեմլի քարոզչություն»: Այնուամենայնիվ, իսկապես, պետք է հասկանաք իրավիճակը:

Նախ նշենք, որ Արցախում կոմպակտ կերպով ապրող 120 հազար հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, և ցանկացած իշխանություն, նույնիսկ, եթե պետությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, պարտավոր էր անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր երկրի քաղաքացիներին։ Ավելին, ստեղծվել է ամենավտանգավոր նախադեպը, երբ Հայաստանի 120 հազար քաղաքացիները հայտնվում են պետության կողմից լքված վիճակում, «մեզ ուզում էին պատերազմի մեջ ներքաշել, և այս 120 հազարին չօգնելով՝ պետությունը փրկեցինք պատերազմից» ձևակերպմամբ։

Այս նախադեպը չի կարող երաշխավորել, որ նույնը չի կարող կրկնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հենց Հայաստանում։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Շիրակի մարզի վրա հարձակման դեպքում չի ասվի, որ «Շիրակի մարզի համար պատերազմի մեջ չմտնելով և չփրկելով այնտեղ բնակվող 250 հազար ՀՀ քաղաքացիների կյանքը՝ պետությունը փրկեցինք պատերազմից»:

Ինչ վերաբերում է «Կրեմլյան քարոզչությանը», եթե հետևեք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մշտական հյուրերի տրամաբանությանը, ապա կստացվի, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն «Կրեմլի գործակալ է», քանի որ Լեկորնուն նախօրեին ասել էր, որ ինքը «չի կարծում, որ Ֆրանսիան կարող է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ռազմական միջամտության միջոցով»։ Ստացվում է, որ ՌԴ նախագահը Ֆրանսիայի կառավարությունում իր գործակալն ունի՞։

Հասկանալի է, որ դա այդպես չէ, և որ Լեկորնուն «Պուտինի գործակալը» չէ, սակայն կոնկրետ օրինակը շատ պարզ ցույց է տալիս, թե ինչպես են այսօր Հայաստանում փորձում մանիպուլացնել հասարակական կարծիքը։ «Քարոզչության մի շերտը» համոզում է հասարակությանը, որ «Արևմուտքը կգա Հայաստան՝ ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունը», մյուս «շերտը» պիտակավորում է ցանկացած քննադատություն այս թեզի վերաբերյալ։
Արցախի անկումից հետո այս ամբողջ՝ չդադարող հիստերիան միայն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու և շարունակելու է իրականացնել Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձին միտված պլանը, անկախ նրանից, թե ինչ գին պետք է վճարվի դրա համար։
Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ հաջորդ թիրախը լինելու է հայկական Սյունիքը, դա լինելու է «անկախության և ինքնիշխանության գինը», որի պաշտպանության մասին խոսում են իշխանությունները։

Սյունիքի իրավիճակի հետ կապված՝ ևս մեկ նրբերանգ կա: Սյունիքի անկումը, Հայաստանի՝ Իրանի հետ ընդհանուր սահմանի կորուստը, կստեղծեն մի իրավիճակ, երբ թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան, փաստացի կկորցնեն Հայաստանին և հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելու տեսական հնարավորությունը։ Սակայն, դատելով իշխանական լրատվամիջոցների քարոզչությունից, իշխանությունները դրանից չեն վախենում, ավելին, վստահ են, որ Իրանի հետ ընդհանուր սահմանի կորուստը Մոսկվային և Թեհրանին կզրկի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու հնարավորությունից, որը բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից:
Վերոնշյալի հետ կապված՝ մնում է մեր ժողովրդին մաղթել տոկունություն՝ պայքարելու համար նման աղաղակող տեղեկատվական դիվերսիաների դեմ, որոնք, փաստացի, հիմնված են այն տրամաբանության վրա, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը «Կրեմլի գործակալ» է…