Պյատիգորսկից բժիշկ Հրանտ Կունդուպյանը հեռացրել է հսկայական ուռուցք

17 Հունվարի 2026, 19:00

Հայեր

Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց է ընդունվել 85-ամյա պացիենտ՝ ձախ ոտքի և մարմնի կեսի պարալիզացմամբ։ Սկզբնական շրջանում բժիշկները ենթադրել են, որ դա կաթված է, սակայն շտապ հետազոտությունը հայտնաբերել է 8×7 սմ չափսերով հսկայական ուռուցք ուղեղի աջ գագաթա-ծոծրակային շրջանում, որը պատասխանատու է մարմնի ձախ կողմի շարժումների համար:

Նեյրովիրաբույժները կատարել են ոսկրապլաստիկ տրեպանացիա և ամբողջությամբ հեռացրել նորագոյացությունը:

«Նեյրովիրաբուժությունը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է: Ամեն տարի մենք իրականացնում ենք ավելի քան 400 վիրահատություն, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական՝ ուռուցքների հեռացում, անևրիզմաների, հեմատոմաների, ստենոզների, անոթային պաթոլոգիաների, ինչպես նաև գլխուղեղի և ողնուղեղի բնածին հիվանդությունների բուժում: Բոլոր վիրահատությունները կատարվում են պետական քվոտայի շրջանակներում»,-պատմել է Պյատիգորսկի հիվանդանոցի նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հրանտ Կունդուպյանը:

Միջամտությունից հետո պացիենտի վիճակը արագ բարելավվել է, և մարմնի ձախ կողմի շարժողական ֆունկցիաները վերականգնվել են: Հիստոլոգիական հետազոտությունը հաստատել է, որ ուռուցքը եղել է բարորակ: