Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը նրա վրա չի հարձակվի. Դմիտրի Ռոդիոնով
07 Մարտի 2025, 23:58
Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ի ուղիղ եթերում մեկնաբանել է Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Երևանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։
«Այժմ իրավիճակը մի փոքր տարօրինակ է, մենք, իհարկե, չենք խոսում ՀԱՊԿ անդամ պետությունների վճարների մասին։ Սա, իհարկե, զգալի գումար է, բայց բոլորը հիանալի հասկանում են, որ ՀԱՊԿ-ի կայունությունն ապահովվում է Ռուսաստանի հաշվին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի կայունությունն ապահովվում է ԱՄՆ-ի հաշվին։ Թրամփն այժմ փորձում է եվրոպական երկրներին ստիպել վճարել որքան հնարավոր է, բայց մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ ոչ ոք չի վտարվի ՆԱՏՕ-ից, և ԱՄՆ-ն երբեք դուրս չի գա ՆԱՏՕ-ից։ Սա նոնսենս է, ոչ այլ ինչ, քան սակարկության, շանտաժի և այլնի փորձ։
Ուստի չի կարելի ասել, որ Ռուսաստանին շատ է անհանգստացնում այն, որ Հայաստանը չի վճարում իր պարտքը։ Իրավիճակն ինքնին մի քիչ ծիծաղելի է, այսինքն՝ Հայաստանը մի կողմից կարծես մնում է ՀԱՊԿ անդամ, բայց մյուս կողմից՝ ոչ մի մասնակցություն չի ունենում կազմակերպության աշխատանքներին։ Անդամակցությունը ցանկացած կազմակերպության, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին, ոչ միայն իրավունքներ են, այլև պարտականություններ։ Եթե նույնիսկ դրանք ըստ էության ֆորմալ են, պետք է հարգել: Միաժամանակ Հայաստանը համագործակցության պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի հետ այն պայմաններում, երբ, ըստ էության, սառը պատերազմի մեջ ենք։ Այո, հիմա ինչ-որ ջերմացում է նկատվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, համենայնդեպս տպավորություն է, որ ջերմ են»,- ասել է փորձագետը։
Ռոդիոնովի խոսքով՝ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, սակայն Ռուսաստանի համբերությունն անսահման չէ ։
«Փաշինյանն ասաց, որ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչդեռ ՀԱՊԿ կանոնադրության մեջ չկա անդամակցության սառեցման կետ՝ կա՛մ անդամ ես, կա՛մ անդամ չես։ Եվ եթե Փաշինյանն իրեն թույլ է տալիս, ասենք, վերաշարադրել Կազմակերպության կանոնադրությունը և հանդես գալ ինչ-որ նոր ձևակերպմամբ, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք այս կազմակերպության անվտանգության երաշխիքները տարածվում են կազմակերպության սառեցված մասնակցությամբ անդամ պետության վրա։
Այսինքն՝ եթե Ադրբեջանը հանկարծ հարձակվի Հայաստանի վրա, ՀԱՊԿ մյուս անդամները պե՞տք է տեր կանգնեն Հայաստանին, եթե նա սառեցրել է իր անդամակցությունը։ Այս հարցը պետք է հնարավորինս շուտ պարզաբանել և վերջակետ դնել։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց հետխորհրդային տարածքում հարևան երկրների պատմական փորձը հստակ ցույց է տալիս, որ երկու աթոռի վրա նստելը միշտ ողբերգական ավարտ է ունենում։
Ամենայն հավանականությամբ, այս պահին դեռ ինչ-որ բանակցություններ են ընթանում, որոնցում ինչ-որ կոնկրետ բան է բանակցվում, որից, փաստորեն, օգտվում է Փաշինյանը։ Ռուսաստանի ձեռքերը հիմա շատ կապված են Ուկրաինայում ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական, քաղաքական և այլ առումներով: Այսինքն՝ հիմա մի փոքր դրա ժամանակը չէ։ Իսկ Փաշինյանն ակտիվորեն օգտվում է այս իրավիճակից։
Նա մի կողմից հիանալի հասկանում է, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի հարձակվի իր վրա։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի աչքի առաջ, և դա ընդհանրապես դա չթաքցնելով, փորձում է սիրախաղ անել Արևմուտքի հետ։ Եվ հարցն այն է, թե երբ Ռուսաստանի համբերության բաժակը պարզապես կլցվի, կամ երբ Ռուսաստանը պարզապես կանցնի այդ խնդրի լուծմանը»,- ընդգծել է Դմիտրի Ռոդիոնովը։