Քարվաճառի ճանապարհին կար և՛ հյուրատուն, և՛ ռեստորան, ինչո՞ւ Նիկոլը հանձնեց Քարվաճառը. Տիգրան Քոչարյան

21 Մարտի 2024, 22:17

Քաղաքականություն

Փաշինյանի միակողմանի զիջողականությունը հանգեցնելու է պետականության լուծարման և, համոզված չեմ, որ նա այս տարածքում ազատ, անկախ ապրելու իրավունք կունենա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ավելին ասեմ, քայլերի հերթականությունը կարելի է տեսնել ադրբեջանցիների հայտարարություններում։ Օրինակ՝ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չունի միայնակ օգտվել Սևանի ջրի պաշարներից, քանի որ դա շատ կարևոր է տարածաշրջանի և աշխարհի համար, և պետք է Սևանի օգտագործումը կիսվի Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ Սևանի, Սյունիքի հարցերն են առաջանալու, այնուհետև ադրբեջանցիներ են վերաբնակեցվելու Հայաստանի տարածքում և նրանց իրավունքները պաշտպանելու են Փաշինյանի կարմիր բերետները մինչև ադրբեջանցիներն այստեղ կայունանան, ընտելանան»,- ասել է Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Կիրանցից մինչև Բաղանիս ընկած հատվածում խանութ, ռեստորան, հյուրանոց չկա, և մարդիկ գիտեն, որ այդտեղ խնդիր կա, մեդիափորձագետը նշեց․

«Քարվաճառի ճանապարհին կար հյուրատուն, ռեստորան, սրճարան, և Նիկոլ Փաշինյանը բազմիցս այնտեղ մնացել և հաց է կերել։ Բա ինչու հանձնեց Քարվաճառը, չէ որ այնտեղ ամեն ինչ էլ կար։ Փաշինյանը սիրում է մանիպուլացնել, նա մոռանում է ժամանակին ինչ է ասել»։22:13