Քաղաքական հետապնդումները պետք է անհապաղ դադարեցվեն․ Արթուր Խաչատրյան
16 Նոյեմբերի 2026, 18:10
Հայաստանում խորանում է ավտորիտար համակարգը, ինչպես նաև երկիրը հայտնվել է սահմանադրական, քաղաքական և մարդու իրավունքների համակողմանի ճգնաժամի մեջ։ Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և բացառել դատարանների անկախությունը խաթարող ցանկացած գործողություն։
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ Արթուր Խաչատրյանն ընդգծել է.
«Ազգային ժողովը վերահաստատում է ՀՀ հանձնառությունը ժողովրդավարության արժեքների վերականգնման, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, միջազգային չափանիշներին համապատասխան քաղբանտարկյալների և այլ քաղհալածյալների խախտված իրավունքների վերականգնման և նրանց ազատությունների երաշխավորման ուղղությամբ»։
Նա նաև կոչ է արել միջազգային կառույցներին՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և հստակ գնահատական տալ քաղաքական հետապնդումներին ու մարդու իրավունքների խախտումներին։