Քաղաքական պատմություններով փոխարինվում է պրագմատիկ օգուտը. Իգոր Յուշկով

17 Հունիսի 2026, 22:45

Քաղաքականություն

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի խզումից և Եվրամիության հետ մերձեցումից Հայաստանի հնարավոր կորուստները։

«Ռուսաստանի հետ առևտրային պատերազմն, անշուշտ, Հայաստանի համար հղի է առնվազն երկու հետևանքով։ Առաջին հերթին, դա այն ավանդական իրացման շուկաների կորուստն է, որտեղ Հայաստանը վաճառում է իր ապրանքները։ Այստեղ խոսքն իսկապես վերաբերում է թե՛ գյուղմթերքին, թե՛ մի շարք այլ ապրանքների։ Մեծ հարց է՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դուրս գալ Եվրամիության շուկա և, որ ամենակարևորն է, հաստատվել այնտեղ երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Եվրամիությունը հայտնի է իր խիստ պահանջներով։ Այս առումով ներմուծման սահմանափակումներ պարբերաբար են մտցվում, քանի որ այնտեղ ստանդարտները լիովին այլ են, քան ԵԱՏՄ տարածքում։

Երկրորդ ասպեկտը Հայաստան մատակարարումներն են: Եվ այստեղ, անշուշտ, կենտրոնական տեղ է զբաղեցնում էներգետիկան։ Եթե նավթամթերքն ու վառելիքը դեռ հնարավոր է փոխարինել, քանի որ դրանք հեշտ է տեղափոխել (այո՛, դրանք ավելի թանկ կլինեն, բայց զուտ ֆիզիկապես գոնե հնարավոր է հասցնել), ապա գազի հարցը մնում է բաց, քանի որ դրա տեղափոխման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք», — նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողությունները պայմանավորված են ոչ թե պետության շահերով, այլ քաղաքական ամբիցիաներով։

«Սա բացառապես Հայաստանի ղեկավարության քաղաքական ամբիցիաներն են։ Այսինքն՝ նրանք բոլորին պատմում են այն պատմությունները, թե՝ իբր մենք հիմա ապրելու ենք ինչպես Եվրոպայում, բարեկեցությունը կաճի, մեզ կընդունեն Եվրամիություն։ Թեև, դարձյալ, տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողանում անդամակցել ԵՄ-ին, օրինակ՝ նույն Թուրքիան։

Եվ այս առումով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարները նույնպես չափազանց մշուշոտ են։ Եվ ահա այս քաղաքական պատմություններով փոխարինվում է իրական պրագմատիկ օգուտը»,- եզրափակել է Յուշկովը։