Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան
23 Հունվարի 2025, 23:30
Երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը առաջիկա ավագանու նիստի ընթացքում փոփոխություններ կատարելու նպատակով կքննարկի միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները: Փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետևյալ փոփոխությունները.
10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:
«Այս ամենը զավեշտի ժանրից է: Կտրուկ, խայտառակ չափերով բարձրացնել տրանսպորտի սակագինը, հետո չնչին չափով նվազեցնել և ասել՝ տեսեք, մենք ձեզ ընդառաջ գնացինք:Դա նշանակում է՝ ձեռք առնել քաղաքացուն: Դա ցինիզմի դրսևորման բարձրագույն գագաթնակետն է: Ուղղակի նրանք չունեին այլ տարբերակ, քան փորձել, իբրև թե, ընդառաջ քայլ կատարել, որովհետև այն ցասումը և լայն ընդվզման մթնոլորտը, որ կա այս օրերին՝ և՛ հանրային տրանսպորտում, և՛ փողոցներում ու հատկապես սոցցանցերում, նրանց հարկադրեց ինչ-որ քայլ անել: Բայց իրենք, բնականաբար, իրենց ոճին հավատարիմ, արել են ընդամենը քայլի իմիտացիա՝ կես քայլ: Պետք է նշել, որ նախօրեին իրականացրած մեր ակցիայի շրջանակներում բոլորը համոզվեցին՝ մարդկանց աչքերին այդ թոզփչոցին ամենևին էլ լուրջ չի ընկալվում: Հետևաբար, այս ճնշումը մեծացնելու և բոյկոտի վարքագիծը մենք և քաղաքացիները շարունակելու ենք, և դրա ամենացայտուն դրսևորումը վիճակագրությունն է, մասնավորապես՝ շուրջ 200.000 կենսաթոշակառու բնակվում է Երևանում, և նրանցից ընդամենը 564-ն է այդ միասնական փաթեթներից օգտվում: Այսինքն՝ բոյկոտը նաև վիճակագրական հստակ դրսևորում ունի, և միայն մեր կոչերը, հավաստիացումները չեն կամ քաղաքացիների կարծիքները չեն, որ իրենք չեն վճարելու»,- նշել է Սուքիասյանը:
Նա նաև իր խոսքում ընդգծել է՝ քաղաքացիների կյանքը վատթարացնող միտումները միայն հանրային տրանսպորտին չեն վերաբերում, այլ նաև գույքահարկին, շրջանառության հարկին, ինչպես նաև տեղական տուրքերին:
«Եթե քաղաքապետարանը մինչև փետրվարի 1-ը լիարժեք որևէ քայլ չկատարի, այդ օրը նրանք կբախվեն մի այնպիսի խայտառակ իրողության, որ քաղաքացիներն ուղղակի չեն վճարի: Իսկ այն ինֆորմացիան, թե 50,000 դրամ կտուգանեն չվճարելու դեպքում, պարզվեց սուտ է և կեղծիք: Մենք շարունակելու ենք մեր քարոզչությունը, քաղաքացիների հետ ակտիվ շփումները, բայց հավաստիացնում եմ՝ մարդիկ առանձնապես պարզաբանումների և քարոզչությունների կարիք չունեն: Նրանք ամեն բան շատ լավ վերլուծում են, զգում են, հասկանում են, քանի որ քաղաքացիների կյանքը վատթարացնող այս տենդենցները միայն հանրային տրանսպորտի ուղղությամբ չեն, դա վերաբերում է գույքահարկին, շրջանառության հարկին, տեղական տուրքերին, օրինակ՝ սուրճի ապարատ աշխատեցնողներին: Առհասարակ, բոլոր ուղղություններով մարդկանց սոցիալական վիճակը վատթարացնող տարբեր օրենսդրական ու իրավական ակտեր են մտել ուժի մեջ, որոնք մարդկանց նյարդային վիճակի մեջ են դրել»,- եզրափակել է Սուքիասյանը: