Քոչարյանների կալանքի երկարաձգման համար փաստական հիմքեր չեն ներկայացվել. Աննա Գրիգորյան

11 Նոյեմբերի 2026, 11:26

Քաղաքականություն

Ընդհանուր առմամբ, երկրում ականատես ենք լինում, որ քաղաքական ռեպրեսիաների ալիքը միայն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք իսկապես ամբողջատիրական, ավտորիտար ռեժիմի պայմաններում ենք ապրում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Այս համատեքստում պետք է հերթական անգամ շեշտադրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ապօրինի կալանավորման հանգամանքը»,- նշել է նա:

Պատգամավորի խոսքով՝ երկու ամսով երկարաձգվել է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Սեդրակ Քոչարյանի կալանքը, սակայն նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ փաստական հիմք չի ներկայացվել։

«Որևէ հիմք չկա, թե ինչու պետք է շարունակեն Քոչարյանները մնալ կալանքի տակ։ Կալանավորումը սովորաբար կիրառվում է որոշակի գործողություններ կանխարգելելու համար, օրինակ՝ երբ կա մտավախություն, որ անձը կարող է լքել երկիրը։ Նախագահ Քոչարյանի դեպքում բոլորն՝ անկախ քաղաքական հայացքներից և դիրքավորումից, հասկանում են, որ նա վստահաբար երկրից դուրս չէր գա։ Եթե դուրս գալու մտադրություն ունենար, 2018 թվականին Հայաստան չէր վերադառնա՝ շատ լավ իմանալով դրա հնարավոր քաղաքական հետևանքների մասին»,- ասել է պատգամավորը։