Քուչակ-Ապարան ավտոճանապարհին 5 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
02 Սեպտեմբերի 2026, 22:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, 5 մարդ տեղում մահացել է:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Այս պահին իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ ողբերգական պատահարի բոլոր հանգամանքները, վթարի առաջացման պատճառները, ինչպես նաև մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են մի շարք մասնագիտական փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաավտոտեխնիկական:
Դեպքի վայրում աշխատում են քննչական խումբն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Հանգամանքները ճշտվում են: