ՔՊ-ի նախընտրական հիմնադրամը գերազանցել է օրենքով սահմանված շեմը․ «Միասնության թևեր»
01 Հուլիսի 2026, 14:40
Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա ընթացող դատաքննության եզրափակիչ փուլում ծավալուն ելույթով հանդես է եկել «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ Նա արձանագրել է, որ 5 օր տևած դատաքննությունն աննախադեպ էր ներկայացված ապացույցների ծավալով, որոնք վկայում են՝ հունիսի 7-ի ընտրությունները չեն անցկացվել հավասարության և ազատության պայմաններում։
Կուսակցության ներկայացուցիչը սուր քննադատության է ենթարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամի հայտարարագրերը՝ բացահայտելով անշարժ գույքերի շուկայականից էապես ցածր ներկայացված արժեքներն ու քարոզչական շտաբների աշխատակիցների չհայտարարագրված ծախսերը։
«Հիմա ունենք հետևյալ իրավիճակը․ ըստ այստեղ ներկայացված փաստերի՝ «Քաղաքացիական պայմանագրի» 588 գրասենյակներում առնվազն 1 աշխատակից կարող էր լինել։ Եթե միջին կամ միջինից ցածր չափով հաշվարկենք գրասենյակների համակարգողի վարձատրությունը՝ ներառյալ հարկերը, պահումները, սոցիալական վճարները և այլն, օրինակ՝ 100,000 դրամի չափով, ապա կունենանք չհայտարարագրված 58,800,000 դրամ։ Կգերազանցե՞ր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամը Ընտրական օրենսգրքով նախատեսված շեմը, եթե ներառվեին աշխատակիցների վարձատրության կամ դրանց շուկայական արժեքի վերաբերյալ տվյալները. իհարկե՝ կգերազանցեր»,- նշել է Դրմեյանը։
Նա նաև ընդգծել է, որ ծախսերի սահմանաչափի գերազանցման դեպքում, ըստ օրենքի, դատարանը պետք է ուժը կորցրած ճանաչեր ՔՊ ընտրական ցուցակի գրանցումը, ինչն իմպերատիվ պահանջ է։