ՔՊ-ն սահմանափակեց ՀՀ-ից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

03 Հուլիսի 2026, 14:53

Քաղաքականություն

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հաշվարկվի որպես Հայաստանի Հանրապետությունից բացակայություն։ Դրանք վերաբերում են հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելուն, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությանը։

Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը՝ պնդելով, որ դա կսահմանափակի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Ավելին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է բողոքարկել այս փոփոխությունները Սահմանադրական դատարանում։