ՔՊ-ն տապալեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

12 Նոյեմբերի 2024, 16:20

Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն։ Կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը, իսկ իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի տպավորությամբ՝ ընդդիմությունը գերիների հարցով քննարկում է հրավիրել քաղաքական նպատակներով: Ըստ նրա՝ հայ գերիները կվերադառնան, թե ոչ, կախված է ոչ թե նիստից ու ներկայացված հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:

Քվեարկության դրված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: Հայտարարության մեջ նաև շեշտվում էր, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին։