Քըրք Քըրքորյան. հայ միլիարդատիրոջ զարմանալի ճանապարհը՝ մեքենաներ լվանալուց մինչև MGM Grand

06 Հունիսի 2025, 22:00

Հայեր

Քըրք Քըրքորյանը լեգենդար հայ գործարար է, ով կարողացել է ստեղծել բազմամիլիարդանոց բիզնես՝ ընդ որում պահպանելով պարզությունն ու համեստությունը։ Նա իր մտքի, աշխատասիրության, համառության, կամքի շնորհիվ քայլ առ քայլ բարձրացել է, բիզնեսի աշխարհում հասնելով մեծ նվաճումների: Նա բիզնեսի աշխարհում համարվում էր ամենաառեղծվածային դեմքերից մեկը։

Քըրքորյանը ծնվել է 1917 թ․ հունիսի 6-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Մանկուց գիտակցում էր, որ եթե ուզում է հաջողության հասնել, պետք է աշխատել։ 9 տարեկանում նա արդեն աշխատում էր մեքենաների արհեստանոցում, շինհրապարակում, լվանում էր մեքենաներ և անում ցանկացած ֆիզիկական աշխատանք, որը կարող էր փող բերել։ Արդեն այդ ժամանակ նրա մոտ գործարարի տաղանդ էր նկատվում․ նա հին մեքենաներ էր գնում, նորոգում ու եռապատիկ թանկ վաճառում։ Այդ գումարով նա ֆինանսավորել է իր երազանքը՝ սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Հավելյալ պարապմունքների համար նույնիսկ դպրոցի մոտակայքում գտնվող գոմն է մաքրել։

Քըրքորյանը երբեք չի վախեցել ռիսկի դիմելուց։ Բիզնեսում նրա ամենակարևոր կանոնն էր՝ երբեք չներդնել ուրիշի փողերը, և հենց այս զգուշավորությունն էր, որ թույլ տվեց նրան հաջող ներդրումներ կատարել: Նրա ամենահայտնի գործարքներից մեկը 150 000 դոլարով կործանված Lockheed ինքնաթիռի գնումն էր: Շատերն այդ գնումն անիմաստ են համարել, սակայն Քըրքորյանը վերականգնել է ինքնաթիռը և վաճառել այն 600 000 դոլար մաքուր շահույթով։ Հետագայում նա ներդրումներ է կատարել Լաս Վեգասի խաղատներում և հանգստավայրերում՝ հիմնելով «MGM Resorts International»-ը, որը դարձել է աշխարհի ամենախոշոր զվարճանքի կայսրություններից մեկը։

Չնայած բիզնեսում ահռելի զբաղվածությանը՝ Քըրքորյանը երբեք չի մոռացել իր հայկական արմատները։ Երբ Հայաստանը տուժեց 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից, նա անմասն չմնաց։ Ի տարբերություն այլ բարերարների՝ նա նախընտրել է բարեգործություն անել առանց ավելորդ հրապարակումների։ Քըրքորյանն անանուն կերպով ֆինանսավորել է մարդասիրական օգնության հսկայական օդային փոխադրում Կալիֆորնիայից Հայաստան՝ օգնելով տուժածներին ապահովել սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով։

Նրա նվիրատվությունները կազմում էին ավելի քան մեկ միլիարդ դոլար, սակայն նա սկզբունքային պայման է դրել՝ իր պատվին փողոցներ, շենքեր կամ հուշարձաններ չլինեն: Նա փառքի կարիք չուներ և կարծում էր, որ իրական օգնությունը պետք է լինի անկեղծ, այլ ոչ թե ճանաչվելու ցանկությունից դրդված:

Քըրքորյանը նաև կարևոր դեր է խաղացել 1990-ական և 2000-ական թվականներին Հայաստանի տնտեսական վերածննդի գործում։ Նա հիմնել է «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որը ֆինանսավորում էր ճանապարհների շինարարությունը, դպրոցների ու հիվանդանոցների վերականգնումը, ենթակառուցվածքների զարգացումը։ Նրա ներդրումների շնորհիվ Սպիտակի երկրաշարժից հետո հազարավոր ընտանիքներ նոր տներ ստացան, հարյուրավոր հայ երիտասարդների հնարավորություն տրվեց սովորելու արտերկրում։ Հիմնադրամն աշխատել է առանց բյուրոկրատական խոչընդոտների. գումարներն ուղղվել են անմիջապես նախագծերին, առանց միջնորդների:

Չնայած իր հսկայական կարողությանը՝ Քըրքորյանը խուսափում էր հանրային ուշադրությունից ։ Նա հարցազրույցներ չէր տալիս, ելույթներ չէր ունենում, թիկնապահներ չուներ, կարևոր հանդիպումների գնում էր առանց ուղեկցության, ինքնուրույն վարում էր «Ford Taurus» կամ «Jeep», իսկ երբ Լաս Վեգասում հսկայական համալիրներ էր կառուցում, նրան կարելի էր տեսնել շինհրապարակում՝ հասարակ աշխատանքային հագուստով շրջելիս։

Քըրք Քըրքորյանը մահացել է 2015 թ․։ Թողել է ոչ միայն հսկայական բիզնես-կայսրություն, այլ նաև օրինակ, թե ինչպես կարող է մարդը հաջողության հասնել՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։