Ռազմական գործողությունների դադարը ձեռնտու է և՛ Վաշինգտոնին, և՛ Թեհրանին․ Իրինա Ֆյոդորովա
03 Օգոստոսի 2026, 22:30
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի կենտրոնի փորձագետ Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Կարծում եմ՝ այս պահին բանակցություններ չեն ընթանում։ Սակայն Թրամփը հայտարարել է, որ այսօր և վաղը շփումներ կլինեն։ Ամենայն հավանականությամբ, խոսքը ոչ թե պաշտոնական բանակցությունների, այլ իրանական և ամերիկյան կողմերի միջև շփումների մասին է՝ միջնորդների մասնակցությամբ։ Այդ միջնորդները կարող են լինել կամ պակիստանցի, կամ Կատարի դիվանագետներ։
Պատահական չէ, որ Թրամփը նշել է՝ համաձայնության հասնելու հստակ ժամկետներ սահմանված չեն։ Այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, կուղղվի երկարատև դադարի պահպանմանը, քանի որ կողմերը մի շարք առանցքային հարցերում ունեն արմատապես հակադիր դիրքորոշումներ։ Դրանց թվում են՝ Իրանի կողմից տարածաշրջանում գործող պրոքսի ուժերին աջակցությունը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը, Իրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հետևաբար նման դադարը ձեռնտու է ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ Իրանին»,- նշել է Ֆյոդորովան։