ՌԴ մշակույթի նախարարությունը 5 տարով երկարաձգել է Գեորգի Իսահակյանի պայմանագիրը

02 Հուլիսի 2025, 19:52

Մշակույթ

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը հինգ տարով երկարաձգել է Նատալյա Սացի անվան մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանի պայմանագիրը։

Ռեժիսոր Իսահակյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել 15 տարի առաջ՝ 2010 թվականի հուլիսի 1-ին։

«Կարծես մի ամբողջ դարաշրջան է անցել։ Այն իր մեջ ներառում է թատրոնի նոր օպերաներ, բալետներ և համերգներ, նոր ռեժիսորներ, դիրիժորներ, պարուսույցներ, նկարիչներ, արտիստներ և երաժիշտներ, որոնք հրավիրվել են Գեորգի Իսահակյանի կողմից։ Ստեղծվել է երգչախումբ և մանկական ստուդիա, իրականացվել է «RE-Կոնստրուկցիա» նախագիծը, բեմադրվել են բարոկկո ոճի ներկայացումներ, ստեղծվել է բացառիկ «երեկոյան» խաղացանկ։

Անցկացվել է «Տեսնել երաժշտությունը» փառատոնը՝ Գեորգի Իսահակյանի և նրա գործընկերների կողմից, ինչպես նաև բազմաթիվ փառատոններ, որոնցում մասնակցում են մեր թատրոնի ներկայացումները։ Թատրոնն ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր և արժանացել մրցանակների (այդ թվում՝ Opera Awards մրցանակը՝ «Օսկարի» օպերային համարժեքը)։ Եվ ամենակարևորը՝ թատրոնն ունեցել է ամենօրյա հագեցած, հետաքրքիր ստեղծագործական կյանք։ Գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանի հոբելյանի կապակցությամբ ՌԴ մշակույթի նախարարությունը Նատալյա Սացի անվան թատրոնում նրա պայմանագիրը երկարաձգել է ևս 5 տարով»,- ասվում է թատրոնի Telegram-ի ալիքում: