ՌԴ-ն Հայաստանից ՀԿԵ-ի կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական դիմում չի ստացել․ Օվերչուկ
06 Օգոստոսի 2026, 18:32
Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ թեև հանրային դաշտում այդ թեմայով տարբեր հայտարարություններ և առաջարկներ են հնչում, Մոսկվան կողմ է հարցի լուծմանը խորհրդակցությունների և երկխոսության միջոցով։
«Մենք կողմ ենք, որ այս հարցերը լուծվեն խորհրդակցությունների և երկխոսության ճանապարհով։ Այսօր «Ռուսական երկաթուղիներ»-ը միակ մասնագիտացված ընկերությունն է, որն ի վիճակի է արդյունավետ կառավարել երկաթուղին և ապահովել դրա զարգացումը», — ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ 2026 թվականի հունվարին որոշումներ են կայացվել վերակառուցել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածներ՝ ապահովելով կապ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը հայտարարել էր այդ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Մոսկվայի մասնակցությունն, իր գնահատմամբ, կարող է զրկել Հայաստանին մրցակցային առավելություններից։
Միաժամանակ, Օվերչուկն ընդգծել է, որ առանց ռուսական երկաթուղային համակարգի հետ փոխկապակցվածության դժվար է պատկերացնել, թե ինչպես է ապահովվելու Հայաստանի լիարժեք տրանսպորտային կապը արտաքին աշխարհի հետ։