ՌԴ-ն Ուկրաինայի հետ եռօրյա ավելի լայն հրադադարի շուրջ չի պայմանավորվել․ Պուտին

05 Սեպտեմբերի 2026, 22:08

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ բանակցողներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիևը հրապարակել է եռօրյա ավելի լայն հրադադարի կոչ, սակայն ՌԴ-ն այդ հարցը Ուկրաինայի հետ չի քննարկել։

«Ուկրաինայի իշխանությունները հրապարակել են եռօրյա ավելի լայն հրադադարի կոչ, սակայն մենք նրանց հետ դրա շուրջ չենք պայմանավորվել»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ նման շփումները միշտ օգտակար են։

«Ինչպես դուք մեզ տեղեկացրել էիք, գիտեմ, որ Մոսկվայից հետո պատրաստվում եք մեկնել Կիև։ Ամեն դեպքում, իհարկե, ինչ էլ որ հետագայում տեղի ունենա, նմանատիպ շփումները, անկասկած, միշտ օգտակար են»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ամեն ինչ կանի՝ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի և դրան մասնակցող միջնորդների անվտանգությունն ապահովելու համար։

«Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ՝ բանակցային գործընթացի, ինչպես նաև ձեր և, հնարավոր է, ձեզ ուղեկցող անձանց անվտանգության ապահովման համար»,- ասել է ՌԴ առաջնորդը։

Իր հերթին Ուիթկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման համար և ՌԴ նախագահի հետ շփումն անվանել իր կյանքի լավագույն և ամենահիշարժան հանդիպումներից մեկը։