ՌԴ Պետդուման Մակրոնին մեղադրել է կայսերական վարքագծի մեջ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո
06 Մայիսի 2026, 12:30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը խրախուսում է Հայաստանին հրաժարվել Ռուսաստանի «կայսերական» հովանավորությունից, իրեն պահում է որպես իր երկրի կայսերական անցյալի ժառանգ՝ ցանկանալով «բոլորին սովորեցնել»։ Այս մասին «RTVI»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ժամանակ կար, երբ Ֆրանսիան իրեն կայսրություն էր համարում, և այդ ժամանակներն արդեն անցել են։ Սակայն բոլորին սովորեցնելու, խրատելու և գերիշխելու ցանկությունն, առնվազն Ֆրանսիայի նախագահի մոտ, որը հաջորդ տարի հեռանալու է իր պաշտոնից, իրականում պահպանվել է»,- հայտարարել է նա։
Պատգամավորն անվանել է «կատակ» Մակրոնի գտնվելը Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում։
«Նա երգեց Շառլ Ազնավուրի երգը՝ թմբուկի նվագակցությամբ, որի վրա նվագում էր [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը, նա նաև Երևանում վազքի ժամանակ շոյում էր շներին։ Ընդհանուր առմամբ, մարդկանց ներկայությամբ վազելը դարձել է Մակրոնի հիմնական միջոցը՝ արտասահմանյան մայրաքաղաքներում տպավորություն թողնելու համար»,- ասել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովում և «Երևանյան երկխոսություն» ֆորումում ունեցած ելույթներում Ֆրանսիայի առաջնորդը «շատ խոսքեր է ասել»։
Զատուլինը կարծում է, որ Մակրոնի հիմնական նպատակը եղել է «ապացուցել, որ Հայաստանն այլևս կարիք չունի համագործակցել Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի տեղը զբաղեցրել է իրական Եվրոպան՝ իր և իր գործընկերների դեմքով»։