ՌԴ Պետդուման խստացրել է երկրում աշխատող միգրանտների նկատմամբ պահանջները

10 Հուլիսի 2026, 19:20

Քաղաքականություն

ՌԴ Պետդուման ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով խստացվում են Ռուսաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ պահանջները։ Փոփոխությունները կատարվել են «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ստեղծվել է իրավական հիմք, որը ՆԳ նախարարությանը և մյուս գերատեսչություններին հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել միգրացիոն քաղաքականությունը՝ երկրի և մեր քաղաքացիների շահերից ելնելով, ինչպես նաև ապահովել կարգուկանոն»,- հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նոր կարգավորումներով՝ միգրանտների եկամուտների նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն լիազորված պետական մարմինները։ Հարկային ծառայությունը երեք, վեց, ինը և տասներկու ամիսների կտրվածքով ավտոմատ կերպով ՆԳ նախարարություն կփոխանցի տվյալներ նրանց եկամուտների վերաբերյալ, իսկ միգրանտները պարտավոր կլինեն տարեկան ներկայացնել եկամուտների մասին տեղեկանք, հարկային հայտարարագիր կամ հարկերի վճարումը հաստատող փաստաթղթեր։

Օրենքն ընդլայնում է նաև ժամանակավոր կացության թույլտվության կամ կեցության իրավունքի ուժը կորցրած ճանաչելու հիմքերը։ Դրանց թվում են մեկ տարվա ընթացքում սահմանված նվազագույն ժամաքանակից պակաս աշխատելը կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կենսապահովման նվազագույնից ցածր եկամուտ ունենալը։ Նման խախտումների դեպքում օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունը կամ աշխատանքային արտոնագիրը չեն երկարաձգի, և նրանք ընտանիքի անդամների հետ միասին պարտավոր կլինեն 15 օրվա ընթացքում լքել ՌԴ-ն։

Բացի այդ, աշխատանքային միգրանտների երեխաները կկարողանան մնալ ՌԴ-ում միայն ծնողի աշխատանքի թույլտվության գործողության ժամկետով և անձնական եկամտահարկի կանխավճարի վճարման պայմանով։ 18 տարին լրանալուց հետո նրանք պարտավոր կլինեն 30 օրվա ընթացքում լքել երկիրը կամ դիմել աշխատանքային արտոնագիր ստանալու համար։