ՌԴ Պետդուման ընդլայնել է օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը
21 Հուլիսի 2026, 17:32
ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով կրկնապատկվում է այն իրավախախտումների ցանկը, որոնց համար նախատեսվում է օտարերկրյա քաղաքացիների արտաքսում երկրից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը ներկայացրել է ՌԴ կառավարությունը։ Այսպիսով, ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներում կսահմանվեն առանձին դրույթներ, որոնց համաձայն՝ եթե իրավախախտումը կատարել է օտարերկրյա քաղաքացին, նրա նկատմամբ կարող է կիրառվել ոչ միայն տուգանք, այլև վարչական արտաքսում Ռուսաստանից։
Ներկայում արտաքսում նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 22 հոդվածներով, իսկ օրենքի ընդունումից հետո այդ թիվը կհասնի 45-ի։
Նոր կարգավորումներով օտարերկրյա քաղաքացիներին կարող են արտաքսել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու, ՌԴ-ի զինված ուժերի մասին «վարկաբեկող» տեղեկություններ տարածելու, ՌԴ-ի և նրա քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցային ճնշումներ կիրառելու կոչերի, ինչպես նաև ՌԴ տարածքային ամբողջականությունը խախտող գործողությունների հրապարակային կոչերի համար։
Բացի այդ, արտաքսում կարող է կիրառվել արտակարգ իրավիճակի, հակաահաբեկչական գործողության կամ ռազմական դրության ռեժիմների պահանջները խախտելու, արգելված վայրերում կրակելու, տրանսպորտի երթևեկությանը խոչընդոտելու, իրավապահ մարմինների պահանջներին չենթարկվելու, մանր խուլիգանության, խտրականության և սահմանային կարգի խախտումների դեպքում։
Օտարերկրացիների արտաքսման հիմքերի շարքում ներառվել են նաև ծայրահեղականության և վտանգավոր տեղեկատվության տարածման հետ կապված իրավախախտումները։ Մասնավորապես, խոսքը կրոնական խորհրդանիշների պղծման, ատելության կամ թշնամանքի հրահրման, ծայրահեղական կամ նացիստական խորհրդանիշների քարոզչության, ծայրահեղական նյութերի պատրաստման և տարածման, ահաբեկչության կոչերի տարածման համար տեսաձայնային ծառայությունների օգտագործման, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատության չարաշահման միջոցով վտանգավոր տեղեկատվություն տարածելու մասին է։