Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել․ Լևոն Քոչարյան

03 Սեպտեմբերի 2026, 15:49

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով և ինչպես պետք է ապրի կամ ումից ինչ գույք պետք է բռնագանձվի։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Գույքի բռնագանձման հետ կապված օրենք է ընդունվել, այդ կա դատական պրոցես, և դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում և ասում է, թե ով ինչպես պետք է ապրի»,- նշել է Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին՝ պատգամավորը նշել է․

«Տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, և դրա կապված որոշակի խնդիրներ են առաջացել։ Մնացած մասով նորմալ է»։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին կարող են տեսակցել միայն կինն ու երեխաները։

Հիմա եթերում